Իսրայելն ու Ադրբեջանը կավելացնեն գազի մատակարարումները ԵՄ

Իսրայելն ու Ադրբեջանը կավելացնեն գազի մատակարարումները ԵՄ

Իսրայելը կկարողանա ԵՄ մատակարարել գազի այն ծավալի մոտ 10 տոկոսը, որը Եվրոպան ստացել է Ռուսաստանից 2021 թ., Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը։

«Մենք պատրաստվում ենք մասնակցել Եվրոպայում ռուսական գազի փոխարինմանն ուղղված ջանքերին»,- ասել է Լապիդը։ Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան աշխատում է ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որը թույլ կտա նրան հումք ստանալ նոր գործընկերներից՝ ռուսական մատակարարումներից հրաժարման պատճառով։

Հունիսին Իսրայելը եւ Եգիպտոսը Կահիրեում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ներկայությամբ համաձայնագիր էին ստորագրել Եվրոպա հեղուկացված բնական գազի մատակարարման վերաբերյալ: Իսրայելը ստիպված կլինի գազը տեղափոխել հարեւան Եգիպտոս, որտեղ հումքը կվերածվի հեղուկ վիճակի, ինչից հետո լցանավերով կհասցվի Եվրոպա։

Իր հերթին, Ադրբեջանը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ իրենք նախատեսում են ԵՄ 30 տոկոսով ավել բնական գազ մատակարարել, քան 2021-ին։ «Եվրոպա մատակարարումների ընդհանուր ծավալը 2022-ին 12 միլիարդ խորանարդ մետր կկազմի»,- Twitter-ում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Օգոստոսին արդյունահանումն աճել է գրեթե 10 տոկոսով՝ մինչեւ 30.6 մլրդ խմ, հավելել է նա։

Բրյուսելը հուլիսին Բաքվի հետ պայմանավորվել էր առաջիկա տարիներին Ադրբեջանից գազի ներկրումը կրկնապատկելու շուրջ։ Նախատեսվում է նաեւ ընդլայնել գազային միջանցքը, որն անցնում է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Հունաստանի տարածքով: Գազատարի հզորությունը նախատեսվում է հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։

Աղբյուրը՝   news.am