Համաշխարհային հաշվեդրույքների բարձրացումը 2023թ. կարող է ռեցեսիա առաջացնել. Համաշխարհային բանկ

Համաշխարհային հաշվեդրույքների բարձրացումը 2023թ. կարող է ռեցեսիա առաջացնել. Համաշխարհային բանկ

Ամբողջ աշխարհում կենտրոնական բանկերի կողմից հաշվեդրույքների բարձրացումը կարող է 2023թ. գլոբալ ռեցեսիա առաջացնել։ Այս մասին հայտարարել է Համաշխարային բանկը։

Կենտրոնական բանկերը բարձրացրել են տոկոսադրույքները «սինքրոնության որոշակի աստիճանով, որն աննախդեպ է վերջին հինգ տասնամյակում», որպեսզի հաղթահարեն աճող գների խնդիրը, նշվել է հայտարարությունում։

Տոկոսադրույքների բարձրացումը փոխառություններն ավելի թանկ է դարձնում, որպեսզի փորձ արվի նվազեցնելու գների աճի տեմպը։ Բայց դա նաեւ վարկերն է ավելի թանկացնում, ինչը կարող է դանդաղեցնել տնտեսական աճը, տեղեկացրել է BBC-ն։

Համաշխարհային բանկի նախազգուշացումը հնչել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի եւ Անգլիայի բանկի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ խորհրդակցությունների շեմին, որոնք, ինչպես սպասվում է, կբարձրացնեն հիմնական հաշվեդրույքները հաջորդ շաբաթ։

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ  համաշխարհային տնտեսությունն ապրում է ամենակտրուկ դանդաղումը 1970թ. հետճգնաժամային վերականգնումից հետո։

Հետազոտությունը ցույց է տվել, որ «աշխարհի երեք խոշոր տնտեսությունները՝ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ եվրոգոտին, կտրուկ դանդաղում են»։ «Այս իրադրությունում անգամ չափավոր հարվածը համաշխարհային տնտեսությանը հաջորդ տարի կարող է ռեցեսիա առաջացնել»,- նշվել է հայտարարությունում։

Համաշխարհայն բանկը նաեւ կոչ է արել կենտրոնական բանկերին համակարգել իրենց գործողությունները եւ «հստակ տեղեկացնել քաղաքական որոշումների» մասին, որպեսզի «իջեցվի անհրաժեշտ խստացման աստիճանը»։

Գնաճը, այսինքն՝ արագությունը, որով բարձրանում են գները, վերջին ամիսներին հասել է 40-ամյա առավելագույնին ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում։ Դա կապված է ավելի բարձր պահանջարկի հետ՝ սահմանափակումների թուլացմանը զուգընթաց՝ պայմանավորված համավարակով, ինչպես նաեւ այն պատճառով, որ պատերազմն Ուկրաինայում հանգեցրել է էներգիայի, վառելիքի եւ սննդամթերքների գների աճի։ Ի պատասխան՝ կենտրոնական բանկի դիրեկտիվ մարմինները բարձրացրել են տոկոսադրույքները, որպեսզի իջեցնեն տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների պահանջարկը։ Բայց տոկոսադրույքների զգալի բարձրացումը մեծացնում է ռեցեսիայի վտանգը, քանի որ կարող է հանգեցնել տնտեսության աճի  դանդաղման։

Աղբյուրը՝   news.am