Էմիլ Գուրգենի Գրիգորյան․ ափսոս, որ նա այլևս մեզ հետ չէ․․․
Գրել պարզապես ափսոսանքի խոսքեր, որ նա այլևս մեզ հետ չէ կամ հրաժեշտ տվեց երկրային կյանքին ու ավելացնել մի քանի տարեթվեր նրա կյանքից ու գործունեությունից, արդարացի չի լինի:
Զուտ մարդկային բնավորության համեստ գծերով, եթե լայն հասարակության շրջանում նա այնքան հայտնի չէր, ապա մասնագիտական համայնքի և տնտեսական հանրույթի համար Էմիլ Գուրգենիչ անունն ասոցացվում էր գործի գիտակ, հմուտ կազմակերպիչ հասկացությունների հետ, ով արժանիորեն հարգվում ու մեծարվում էր գործարար աշխարհում, մասնավորապես ոսկերչական արտադրության մեջ, ընկալվում որպես քաղաքակիրթ բիզնեսի կազմակերպչի չափորոշիչ:
Կանգնած լինելով մեր անկախ պետականության տնտեսության ձևավորման ակունքներում, նա որպես արդեն իսկ փորձառու արդյունաբերող, կարողացավ Երևանի ոսկերչական գործարանը շատ գրագետ և ամուր պահել անցումային տնտեսության տարուբերումներում: Նրա ղեկավարությամբ ձեռնարկությունը ոչ միայն նկատելի դժվարություններ չկրեց, այլև կարողացավ հավասար մրցակցի վստահ քայլերով դուրս գալ միջազգային շուկա. հիշենք՝ Սովետմիությունում այդ շուկան խիստ սահմանափակ էր և խստագույնս պլանավորված:
Այո, նրա մասնագիտական հմտությունների, տնտեսավարման ճկուն մեթոդների մասին կարելի է ամբողջական գիրք գրել, սակայն նա առավել ճանաչված էր իր մարդկային հատկանիշներով, որոնց շնորհիվ վայելում էր մեծ հեղինակություն և հարգանք:
Հիշենք միայն նրա նախաձեռնած ոսկերչական միջազգային ցուցահանդեսները, որոնք ճանաչում ու հեղինակություն բերեցին մեր երկրին, այն իր բրենդով ներկայանալի դարձնելով ողջ քաղաքակիրթ աշխարհում, նշենք հարյուրավոր նոր աշխատատեղերը, որոնք նրա անմիջական ջանքերով բացվեցին հատկապես երկրի մեծ գործազրկություն ունեցող շրջաններում:
Ու կրկին ասենք՝ ափսոս, որ նա այլևս մեզ հետ չէ, և մեր խորին ցավակցությունները հայտնենք նրա ընտանիքին, հարազատներին և… բոլորիս, որ այլևս չենք լսի նրա մշտապես հավասարակշռված խոսքը, չենք զգա նրա օգտակար ներկայությունը: