Հայաստանի պետական պարտքը համառորեն մոտենում է 10 մլրդ դոլարի շեմին

Հայաստանի պետական պարտքը համառորեն մոտենում է 10 մլրդ դոլարի շեմին

2022 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 մլրդ 974 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է մոտ 749 մլն դոլարով կամ 8.1%֊ով։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, արագ տեմպերով աճում է ներքին պարտքը, իսկ արտաքին պարտքի մասով որոշակի նվազում կա։  

Մասնավորապես, հուլիսի վերջի դրությամբ արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 401 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ նվազելով 3.7%֊ով։ Իսկ ներքին պարտքը  յոթ ամիսների ընթացքում աճելով 996 մլն դոլարով կամ 38.6%֊ով՝ կազմել է 3 մլրդ 573 մլն դոլար։

 Հայկական դրամով հաշվարկած պետական պարտքի միտումներն այլ են։ Քանի որ հուլիսի դրությամբ դրամը դոլարի նկատմամբ տարեսկզբի համեմատ 15%֊ով արժևորվել է, հետևաբար, երբ պարտքի ցուցանիշները դիտարկում ենք դրամով, ապա մեխանիկորեն այն նվազում է։ Հուլիսի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է շուրջ 4 տրլն 66 մլրդ ՀՀ դրամ, որը նվազել է 8.2%֊ով։

Դրամի արժեզրկումը դրական երևույթ է պետական պարտքի սպասարկման համար, քանի որ ավելի քիչ դրամ է հատկացվում բյուջեից դոլարային սպասարկման համար։ Սակայն, քանի որ պարտքի գերակշիռ մասը արտաքին պարտքն է, հետևաբար ավելի իրատեսական է դոլարային տվյալների դիտարկումը։

Քանի որ Հայաստանի պետական բյուջեն դեֆիցիտով է, այսինքն՝ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, այդ բացը լրացվում է արտաքին աշխարհից ստացվող պարտքի հաշվին։ Դրանք հիմնականում վարկեր են  ու արտարժութային պարտատոմսերի թողարկումից ստացվող գումարները։  Միայն վերջին տասը տարիներին՝ 2012-2021 թվականներին, պետական պարտքն աճել է 2.1 անգամ՝ 4.4 մլրդ դոլարից հասնելով 9.2 մլրդ դոլարի։

306933810_1208434043049716_4217334355369670301_n.png (145 KB)

Հայաստանի պետական պարտքի առյուծի բաժինը կառավարության պարտքն է, այդ թվում ՝ ամբողջ ներքին պարտքը։ Իսկ կենտրոնական բանկի պարտքը այս հուլիսի վերջի դրությամբ կազմել է 547 մլն դոլար։

Ֆինանսների նախարարությունն ու կառավարությունը տարբեր առիթներով հայտարարել են, որ նպատակ կա Հայաստանի պետական պարտքի կազմում մեծացնել ներքին պարտքի տեսակարար կշիռը։ Հիմնավորվում է այն հանգամանքով, որ ներքին պարտքը ստացվում, մարվում և սպասարկվում է ՀՀ դրամով, և արտարժութային տատանումները չեն կարող բացասաբար ազդել ներքին պարտքի վրա։ Բացի այդ, ներքին պարտքը ստացվում է հիմնականում ռեզիդենտներից՝ պետական պարտատոմսերի թողարկման արդյունքում, որը հիմք է տալիս ենթադրելու, որ հետագայում վերադարձվող մայր գումարն ու տոկոսագումարները կարող են շրջանառվել Հայաստանի տնտեսության մեջ։ Դա է պատճառը, որ վերջին տարիներին ներքին պարտքն ավելի մեծ տեմպերով է աճում, քան արտաքին։

Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության պարտքի (առանց ԿԲ֊ի պարտքի)  մոտ 62.1 -ը  արտաքին  պարտքն է , մնացած 37.9%֊ը՝ ներքին պարտքը։ Համեմատության համար՝ տարվա սկզբին արտաքին պարտքին բաժին էր ընկել մոտ 70.6%֊ը, իսկ ներքին պարտքին՝ 29.4%֊ը։

 306950364_465776552130409_6579462965860081074_n.png (145 KB)

Պետական պարտքի աճին զուգահեռ տարիների ընթացքում ծանրացել է նաև պարտքի սպասարկման բեռը։ Ամեն տարի Հայաստանը պետական բյուջեից ավելի ու ավելի շատ գումարներ է հատկացնում պարտքի սպասարկմանը։ Ի սկզբանե, 2022 թվականի բյուջեով նախատեսված էր բյուջեի ծախսերի 9.8%-ը ուղղել պետական պարտքի տոկոսավճարներին։ Դա կազմում էր մոտ 215 մլրդ դրամ, սակայն սպասվում է, որ դոլարի էժանացման արդյունքում այդ գումարը ավելի փոքր կլինի։

Այնուամենայնիվ, պարտքի սպասարկումը բյուջեի վրա զգալի բեռ է։ 2021 թվականին միայն կառավարության պարտքի տոկոսավճարներին ուղղվել է մոտ 181 մլրդ դրամ, իսկ 2020֊ին՝ մոտ 165  մլրդ դրամ։