Սյունիքի սահմանամերձ գյուղերում կարիքներն են գնահատվում․ դոնորների աջակցություն կա

Սյունիքի սահմանամերձ գյուղերում կարիքներն են գնահատվում․ դոնորների աջակցություն կա

Սյունիքի սահմանամերձ համայնքներում անցկացվող  կարիքների գնահատման, բիզնես գաղափարների վերհանման  համար քննարկումները մեկ նպատակ ունեն՝  բնակիչների շրջանում բացահայտել բիզնես այն հնարավորությունները, որոնք նրանք պատրաստակամ են իրականացնել

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Գորիսի քաղաապետի տեղակալ Իրինա Յոլյանը, հնարավորությունները տարբեր ուղղություններով են՝ պտղատու այգիներ, մեղվաբուծություն, ցեղական կովերի բուծում և այլն: 

 «Շեշտը դնում ենք հենց բնակիչների հնարավորությունների վրա: Այլ բան է, երբ համայնքն է առաջարկում, մեկ այլ բան, երբ այդ առաջարկությունը բխում է բնակչի կարիքներից, հնարավորություններից, և նա պատրաստ է ներդրում ունենալ այդ գաղափարը մինչև վերջ առաջ տանելու համար»,–ասում է տիկին Յոլյանը։ Համայնքի կարիքները գնահատելուց հետո, Իրինա Յոլյանը նշեց, որ փորձում են գտնել ներդրողներ, դոնորներ, որոնք պատրաստակամ են սահմանամերձ բնակավայրերում զարգացնել, որևէ ոլորտ։

Գորիսի համայնքապետարանը գործընկեր կազմակերպությունների հետ միասին աջակցում է ծրագրեր կազմելուն։ Մեր զրուցակցի խոսքով, անհատական ծրագրեր եւս ներկայացվում են եւ դրանք կազմելուն օգնում է Գորիսի ռեսուրս կենտրոնը։

Սակայն, Իրինա Յոլյանի գնահատմամբ՝ փոխօգնության մեթոդն է շատ լավ աշխատում, մարդիկ ցանկություն ունեն միմյանց աջակցելով ոտքի կանգնեցնել իրենց համայնքները։

Հատկապես կարեւոր է  զբոսաշրջային երթուղիների զարգացումը, քանի որ պատերազմից հետո պետք է իրավիճակը բարելավել։ Արդեն կազմված ծրագրերը փորձում են ներկայացնել տարբեր կազմակերպությունների, դոնորների, անհատների՝ աջակցելու համար։

 «Մարդիկ ցանկանում են մնալ իրենց գյուղում, ամուր կանգնած են հողին, ուզում են տնտեսությունները զարգացնել, չէ որ պատերազմի հետևանքով շատ բան են կորցրել: Կրճատված տարածքների հետևանքով, բիզնես հնարավորություններն ու եկամտի աղբյուրները դարձել են խիստ սահմանափակ: Հիմա շատ կարևոր է, որ այլընտրանքային լուծումներ առաջարկվեն»,-ասաց Իրինա Յոլյանը:

Կարիքների գնահատում արդեն իրականացվել են Ներքին Խնձորեսկ եւ Վերիշեն համայնքներում։ Անբարենպաստ եղանակների պատճառով գյուղական համայնքներ այս պահին այցեր չկան։ Առաջիկայում կարիքների գնահատում կիրականացվեն նաև Որոտան եւ Ակներ համայնքներում։