Ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է ՀԲ և ԱՄՀ Ընկերակցային խմբի հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհուրդներում ՀՀ փոխկառավարիչ Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 15-16-ը մասնակցել է Սարաևոյում (Բոսնիա և Հերցեգովինա) կայացած ՀԲ խմբի և ԱՄՀ Ընկերակցային խմբի հանդիպմանը:
Հայաստանի Հանրապետությունն ԱՄՀ հոլանդաբելգիական և ՀԲ հոլանդական Ընկերակցային խմբի անդամ պետություն է:
Ընկերակցային խմբի հանդիպումները հարթակ են, որտեղ անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչներ կարծիքներ են փոխանակում և քննարկում ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականություններն ու ծրագրերը, ինչպես նաև եվրոպական և համաշխարհային տնտեսության այլ առանցքային հարցեր:
Տեղեկացում: ԱՄՀ հոլանդաբելգիական Ընկերակցային խմբի անդամներն են Անդորրան, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը, Խորվաթիան, Կիպրոսը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Ռումինիան, Վրաստանը և Ուկրաինան:
ՀԲ հոլանդական Ընկերակցային խմբի անդամներն են Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Իսրայելը, Խորվաթիան, Կիպրոսը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Ռումինիան, Վրաստանը և Ուկրաինան: