«Լոռվա Ամրոց»-ը կրկին ՋԹ է փորձում ստանալ ՀՀ կառավարության որոշմամբ արգելված Ձորագետ գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելու համար

«Լոռվա Ամրոց»-ը կրկին ՋԹ է փորձում ստանալ ՀՀ կառավարության որոշմամբ արգելված Ձորագետ գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելու համար

«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի վարչական տարածքում՝ Ձորագետ գետի վրա, ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ) ստանալու համար: 2022թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ հասցեում նախատեսվում է փաստաթղթի քննարկում կազմակերպել: 

ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 8-ի «ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԻՆ ԲՆՈՐՈՇ՝ ԷՆԴԵՄԻԿ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՁՎԱԴՐԱՎԱՅՐԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԴԵՐԻՎԱՑԻՈՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ 40 ՏՈԿՈՍ և ԱՎԵԼԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԳԵՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 488-Ն որոշմամբ արգելված է փոքր ՀԷԿ-ի կառուցում Ձորագետի վրա:

ՀՀ վարչական դատարանը 29.06.2021 թվականին բավարարել է «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարարության՝ պարտավորեցնելով նախարարությանը «Լոռվա ամրոց» ՍՊ ընկերությանը տրամադրել «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման ժամանակավոր ջրօգտագործման թույլտվություններ: Շրջակա միջավայրի նախարարությունը 2021թ. հուլիսի 30-ին կառուցման նպատակով երկու ջրօգտագործման թույլտվություն է տրամադրել «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին, որոնց ժամկետները լրացել են 2022թ. հուլիսի 30-ին:

Նշենք, որ «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության: Համաձայն N: ՎԴ/9255/05/21 դատական գործի՝ ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել

«Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» 08.04.2021թ. թիվ 488-Ն որոշմանը կից հավելվածի 19-րդ կետը՝ Դեբեդ գետի Ձորագետ վտակը նախատեսող դրույթը: Դատարանը հայցն ընդունել է վարույթ:

Այսպիսով, Ձորագետը շարունակում է մնալ փոքր ՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկում: Այս պայմաններում Ձորագետի վրա «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» փոքր ՀԷԿ-երի կառուցման ՋԹ տրամադրելը կխախտի ՀՀ կառավարության 08.04.2021թ. թիվ 488-Ն որոշումը:

Աղբյուրը՝   ecolur.org