Թագուհի Թովմասյանն արձագանքել է «Մետալ Գոլդ»-ի նախաձեռնած հանրային քննարկումներին

Թագուհի Թովմասյանն արձագանքել է «Մետալ Գոլդ»-ի նախաձեռնած հանրային քննարկումներին

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն արձագանքել է քաղաքացիական հասարակության նամակին, որով պահանջվում էր անօրինական ճանաչել 2022թ. օգոստոսի 18-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնած հանրային քննարկումն ու ընկերության կողմից կազմված արձանագրությունը և չընդունել փորձաքննության «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի հայտը:

«Ի պատասխան Ձեր 24.08.2022թ. ինձ ուղարկված դիմումի՝ հայտնում եմ հետևյալը. Ձեր դիմումը ուսումնասիրել եմ և ուսումնասիրության արդյունքում որոշել եմ այն համապատասխան գրությամբ ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին՝ խնդրելով պարզաբանումներ ներկայացնել մի շարք հարցերի վերաբերյալ: 

Նախարարին հասցեագրված գրությանն ի պատասխան ստացել եմ տեղեկություն, համաձայն որի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ, 13-րդ հոդվածների և 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 5-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1325-Ն որոշման՝ փորձաքննության առաջին և երրորդ փուլերում ձեռնարկողի հետ համատեղ հանրային ծանուցում և քննարկումներ իրականացնում է համապատասխան ազդակիր համայնքի ղեկավարը։ 

Միաժամանակ նշվում է, որ հանրային ծանուցման և քննարկումների երկրորդ և չորրորդ փուլերը, Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ կետի և 11-րդ հոդվածի 1 ին մասի 6-րդ կետի համաձայն իրականացնում են և շրջակա միջավայրի նախարարության՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Կենտրոն) և քննարկումների պատասխանատուն՝ ձեռնարկողի մասնակցությամբ: 

Պատասխան գրության բովանդակությունից ելնելով` հայտնում եմ, որ «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված հանրային քննարկումները վերաբերում են փորձաքննության նախնական գնահատման փուլին, որտեղ Կենտրոնը լիազորություններ չունի: Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը չի ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։ 

Միաժամանակ հայտնում են, որ նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը փորձաքննության ներկայացվելու դեպքում հանրության կողմից տրված տեղեկատվությունը հաշվի կառնվի։ 

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նախարարից ստացված պատասխան գրության բովանդակությունից ելնելով, պատրաստվում է համապատասխան գրություն Եղեգնաձոր համայնքի ղեկավարին, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»,- նշված է ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակում:

Աղբյուրը՝   ecolur.org