Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է. ովքե՞ր են պարտք տալիս Հայաստանին

Հայաստանը բյուջեի դեֆիցիտը փակելու համար պարբերաբար պարտք է վերցնում արտաքին աշխարհից։ Մեր երկրի «մշտական» վարկատուներից են Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, բազմաթիվ օտարերկրյա պետություններ և միջազգային կառույցներ։
2022 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության արտաքին վարկերն ու փոխառությունները կազմել են 4 մլրդ 266 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ նվազել է մոտ 215 մլն դոլարով կամ 4.8%֊ով։
ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տալիս, որ արտաքին վարկերի մոտ 79%֊ը միջազգային կազմակերպություններից ստացված փողերն են, մնացածը՝ օտարկերյա պետություններից ստացված վարկերն ու փոխառություններն են։
Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է։ Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանը Համաշխարհային բանկին պարտք է 1 մլրդ 633 մլն դոլար, որը կազմում է Հայաստանի արտաքին վարկերի 38.3%֊ը։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (IBRD) բաժին է ընկնում պարտքի 19.2%֊ը, իսկ ՀԲ֊ի կազմում գտնվող մյուս կառույցին՝ Զարգացման միջազգային ընկերակցությանը (IDA)՝ 19.1%֊ը։
Հաջորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն (ADB) է (17%)։ Հաջորդում են Արժույթի միջազգային հիմնադրամն (IMF, 8.8%) ու Ռուսաստանի Դաշնությունը (7.7%):
Օտարկերյա պետություններից համեմատաբար խոշոր վարկատուներից են նաև Գերմանիան ու Ճապոնիան։
Նախորդ տարիների տվյալների դիտարկումը ցույց է տալիս, որ Համաշխարհային բանկը Հայաստանի խոշորագույն վարկատուն է ոչ միայն այսօր, այլ նաև՝ անցած տարիներին։
Ստացված վարկերն ու փոխառությունները Հայաստանը մարում ու սպասարկում է ըստ կոնկրետ ժամանակացույցի։