Աղբավայր, որը կարժենա 11 մլն եվրո

Մինչև տարեվերջ Հայաստանում շահագործման կհանձնվի նոր՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր, որը կարժենա 11 մլն եվրո։ Հայաստանում առաջին նման աղբավայրը սպասարկելու է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը։ Պիլոտային այս ծրագրի ավարտին փորձը կկիրառվի նաև այլ մարզերում, որը հնարավորություն կտա հանրապետությունում փակել տասնյակ աղբավայեր։
Ծրագրի հեղինակները վստահեցնում են՝ նոր աղբավայրի բացումն առաջին առարկայական քայլն է հանրապետությունում օր-օրի ահագնացող աղբավայրերի խնդիրը լուծելու, կոշտ թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթ ներդնելու համար։
Հայաստանում նոր աղբավայրի հիմնումը առաջին հերթին բնապահպանական խնդիր է լուծելու՝ վստահ են ծրագրի հեղինակները։ Սանիտարական աղբավայրի շահագործման շնորհիվ էականորեն կնվազեն աղբավայրերում պարբերաբար բռնկվող հրդեհները, որոնք պետությանը հասցնում են ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական լուրջ վնասներ։ Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ միայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաաստանի աղբավայրերում բռնկված հրդեհների թիվը հասնում է 200-ի։
Հավելենք, որ կառուցվող աղբավայրի տարածքը կազմելու է 25 հեկտար, որն ըստ կառուցապատողների՝ որպես աղբավայր կծառայի 25 տարի։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանում շահագործվում է շուրջ 300 բաց աղբավայր՝ զբաղեցնելով ընդհանուր առմամբ 200 հեկտար տարածք։ Ի դեպ, Հայաստանի «ամենաաղբավայրաշատ» մարզերը Արմավիրի և Շիրակի մարզերն են․ համապատասխանաբար՝ 56 և 58 աղբավայր։
Իսկ տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ հանրապետությունում առկա է նաև առանց թույլտվության գործող մոտ հինգ տասնյակ փոքր աղբավայր։