Խոզաբուծարանի կեղտաջրերը լցվում են Քասախ գետ. ահազանգում են Ապարանի բնակիչները

Խոզաբուծարանի կեղտաջրերը լցվում են Քասախ գետ. ահազանգում են Ապարանի բնակիչները

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցի բնակիչներն ԷկոԼուրին ահազանգել են իրենց բնակելի տներից 20-30 մ հեռավորության վրա գտնվող խոզաբուծարանի առաջացրած խնդիրների մասին: Ըստ բնակիչների՝ արտահոսող կեղտաջրերը հոսում են իրենց տների հարևանությամբ և անտանելի գարշահոտ տարածում: 

«Շուրջ 5 տարի մեր թաղամասում տեղակայված է խոզաբուծական ֆերմա, որը մեր առանձնատներից գտնվում է 20-30 մ հեռավորության վրա: Այդ անասունների կեղտը լցվում է Քասախ գետը և ապականում ողջ տարածքը: Կեղտի հոտից և ճանճերի դարդից այլևս չենք կարող բակ դուրս գալ կամ բացել պատուհանները: 2021թ. դիմել ենք Արագածոտնի մարզպետարան, որն իր հերթին հանձնարարել էր Ապարան քաղաքի համայնքապետարանին զբաղվել այդ հարցով: Սակայն գրավոր պատասխան չենք ստացել: Միայն ականատես եղանք խոզաբուծարանի կրկնակի մեծացմանը։

Սույն թվականի օգոստոս ամսին բանավորի խնդրանքով դիմեցինք համայնքապետարան, որտեղից պատասխանեցին, որ ի զորու չեն որևիցե գործողություն կատարելու, քանի որ դա սեփական տարածք է»,- ասացին բնակիչները՝ նշելով, որ խախտվել է իրենց մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքը:

Խնդիրը կարգավորելու պահանջով Ապարանի բնակիչները 2022թ. սեպտեմբերին ևս մեկ անգամ դիմել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին և Ապարանի համայնքապետարան: 

«Մարզպետի տեղակալ Հովսեփ Գուլյանը դիմել է Ապարանի համայքնապետ Կարեն Եղիազարյանին՝ հանձնարարելով սահմանված ժամկետում այս հարցին լուծում տալ և արդյունքների մասին տեղեկացնել թե՛ մեզ, թե՛ քաղաքացիներին»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նանե Ավանեսյանը: 

Սեպտեմբերի 22-ին թաղամասի բնակիչներն տեղեկացրին, որ նախորդ օրը խոզաբուծարանը շահագործող ընկերությունը կեղտաջրերի համար խողովակ է անցկացրել, սակայն կեղտաջրերը, միևնույն է, թափվում են Քասախ գետ: 

Աղբյուրը՝   ecolur.org