Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի 280 շահառուի համար կհատկացվի 200 մլն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի 280 շահառուի համար կհատկացվի 200 մլն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:

Հաշվի առնելով սեպտեմբերի 1-ի դրությամբ ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը և փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները՝ 2022 թ. երրորդ եռամսյակի համար կպահանջվի ևս 200 մլն դրամ շուրջ 280 (45-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 65-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 170-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով) շահառուի վճարում իրականացնելու համար։ Ըստ հիմնավորման՝ 2022 թ. ծրագրերի շրջանակում սեպտեմբերի 1-ի դրությամբ աջակցություն է ստացել 1669 շահառու, որից 296-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (256,767,291 դրամ), 464-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (24,744,026 դրամ), 909-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (916,035,335 դրամ)։

2022 թ. հուլիսին ստացվել են աննախադեպ թվով դիմումներ և աջակցություն է ստացել 504 շահառու, որոնց վճարվել է 397,695,316 դրամ, այդ թվում՝ 92 շահառուի միանվագ դրամական աջակցության ծրագրի շրջանակներում վճարվել է 84,950,743 դրամ, 116 շահառուի կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում վճարվել է 6,283,798 դրամ, 296 շահառուի երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում վճարվել է 306,460,775 դրամ։ 2022 թ.-ին ավելացել են նաև միաժամանակ մեկից ավելի երեխաների ծնունդով պայմանավորված դիմումները, ինչպես նաև 3-րդ երեխայի ծնունդով պայմանավորված դեպքերը, երբ շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը, որոնց դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 4 մլն դրամ։

Մասնավորապես, սեպտեմբերի 1-ի դրությամբ 15 շահառու աջակցություն է ստացել միաժամանակ մեկից ավելի երեխաների ծնունդի կապակցությամբ, վճարվել է շուրջ 34 մլն դրամ, իսկ 3-րդ երեխային ծնունդով պայմանավորված դեպքերը, երբ շահառուի տարիքը չի գերազանցել 30-ը կազմում են 26, վճարվել է շուրջ 71 մլն դրամ։

Աննախադեպ շատ են նաև 3-րդ և հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված դիմումները, որոնց շրջանակներում 2022 թվականին աջակցություն է ստացել 304 շահառու, վճարվել է 602,855,760 դրամ։