Հավատարմագրային կառավարում՝ մինչև տարեվերջ․ հետոն՝ անորոշ է․ ու՞մ «բաժին կհասնի» «Արփա -Սևան» թունելը

Հավատարմագրային կառավարում՝ մինչև տարեվերջ․ հետոն՝ անորոշ է․ ու՞մ «բաժին կհասնի»  «Արփա -Սևան»  թունելը

Տեխնիկական վիճակը բավարար է, սակայն, առանձին վթարային հատվածների կառուցման համար ծրագրեր են իրականացվում։ Խոսքն այս դեպքում «Արփա -Սևան» թունելի տեխնիկական վիճակի մասին է։ Ջրային կոմիտեից ejc.am-ի՝ գրավոր հարցմանն ի պատասխան՝  փոխանցում են՝ Որոտան–Արփա–Սևան հիդրոհանգույցը պետական սեփականություն է՝ հաշվառված Ջրային կոմիտեի հաշվեկշռում։

Անցյալ տարի կառավարությունը որոշել էր հիդրոհագույցը   ոչ թե հավատարմագրային կառավարմամբ տրամադրել «Արփա–Սևան» ԲԲ ընկերությանն, այլ  անցնել անհատույց օգտագործման։ Այն պետք է իրականացներ «Ջրառ» ՓԲԸ–ն։ Սակայն, կառավարությունը  հետ կանգնեց  իր որոշումից՝  2022-ի տարեսկզբին  հիդրոկառույցը  կրկին հանձնելով  մասնավորին՝ հավատարմագրային կառավարման համար, բայց՝ մեկ տարով՝ մինչև  տարեվերջ։

Ինչու՞   որոշեցին հետ վերցնել մասնավորից, հետո՝ նորից  տալ հավատարմագրային կառավարման

Որոտան–Արփա–Սևան համակարգի խնդրի մասին ՀՀ կառավարությունը բարձրաձայնել էր  2018թ ապրիլյան իրադարձություններից հետո։ Բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը 2018թ–ին հայտնել էր, որ Որոտան–Արփա թունելով 2004թ–ից մինչ օրս մեկ անգամ է ջուր հոսել` փորձարկման ժամանակ։  Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցը կառավարությունը 2021-ի հունիսին  հետ վերցրեց   նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի (հասարակության մեջ ավելի հայտնի «Թունելի Հակոբ») ընտանիքին պատկանող ընկերությունից՝ «Արփա–Սևան» ԲԲԸ-ից։

 «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգն իր սպասարկման, շահագործման և պահպանման համար անհրաժեշտ շենք-շինություններով, դրանց զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասերով, ինչպես նաև հիմնական և շրջանառու այլ միջոցներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը»,– ասված էր կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման նախագծում։

Տվեցին՝ հետո նորից հետ վերցրեցին

Ջրային կոմիտեում պարզեցին, որ  «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը   չունի համապատասխան ինժեներական, գույքային համալրումներ, որպեսզի հիդրոհամալիրը կարողանա անվտանգ շահագործել։ Որոտան–Արփա–Սևան հիդրոհանգույցը պետական սեփականություն է, դասվում է պետական հատուկ նշանակության հիդրոտեխնիկական համակարգերի դասին։ Երբևէ չի եղել սեփական՝ վստահեցնում են։ Միշտ եղել է պետությանը, սակայն, հավատարմագրային կառավարման է հանձնվել «Արփա–Սևան» ԲԲ ընկերությանը։ Կառուցումից հետո հիմնականում շահագործվում է «Արփա– Սևան»–ի   N 1 և N 2 թունելները։ Այստեղից Կեչուտի ջրամբարից ջուրը տեղափոխում է  դեպի Սևանա լիճ։  N 1 թունելով՝ դեպի Եղեգիսի կիրճ, ապա N 2–ով՝ Սևանա լիճ։ Հիմնականում խնդիրներն առաջանում են N 2 թունելում։

Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցը  Հակոբ Հակոբյանի ընտանիքին պատկանող «Արփա–Սևան» ընկերությանը հավատարմագրային կառավարման էր հանձնվել 2004 թվականից` 5 տարի ժամկետով։ Հետո պայմանագիրը մի քանի անգամ երկարաձգվել է, և վերջին պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նշենք, որ այս տարի ևս  նույն ընկերությունն է կառավարում թունելը․ բայց՝ մինչև տարեվերջ,  իսկ հետոն՝ անորոշ է։

Որքա՞ն ջուր է անցնում թունելով

Ջրային կոմիտեից   փոխանցում են, որ սեպտեմբերի 20-ի դրությամբ Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է տեղափոխվել 158,094 մլն մ³ ջուր։ 2021թ -2022թ  շրջակա միջավայրի նախարարությունից Արփա և Եղեգիս գետերի ջրերը  Սևան տեղափոխելու համար 273 մլն մ³ թույլտվություն է  ձեռք բերվել։ Սակայն, առավելագույնը տեղափոխվել է  205 մլն մ³  ջուր։ Պարզաբանում կա գետերում չկա  համապատասխան  քանակի ջուրը, որպեսզի  կարողանան տեղափոխել Սևանա լիճ, իսկ այնտեղից էլ՝ արդեն բաց թողնել ոռոգման նպատակով։

Թունելը կա, աշխատում է՝ ոչ ամբողջությամբ, բայց Սևանա լճի մակարդակը դրանից չի բարձրանում

Թունելը կառուցվել է Արփա և Եղեգիս գետերի ջրերը Սևանա լիճ տեղափոխելու համար՝ լճի մակարդակի բարձրացման նպատակով։ Բայց ինչպես տվյալներն են  փաստում Սևանա լճի մակարդակը ոչ թե բարձրանում է, այլ՝ իջնում։ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի սկզբի համեմատ ցածր է մնում 7 սանտիմետրով։ 2022 թվականի սեպտեմբերի  սկզբի տվյալներով՝  Սևանա լիճը ծովի մակարդակից 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա է գտնվել՝ նախորդ տարվա 1900 մետր 60 սանտիմետր նիշի դիմաց։ 2022 թվականի հունիսից մինչ սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում  Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 153 միլիոն 853 հազար մ³ ջուր։