Ինչո ՞ւ է կանաչում Սևանը. Պոնտոս ծրագրի ուսումնասիրությունները և առաջարկությունները

Ինչո ՞ւ է կանաչում Սևանը. Պոնտոս ծրագրի ուսումնասիրությունները և առաջարկությունները

Պոնտոսը՝ Կոպերնիկուս համակարգի միջոցով սևծովյան ավազանում իրականացվող շրջակա միջավայրի մոնիթորինգի  ծրագիր է: Ծրագրի նպատակն է ամրապնդել անդրսահմանային համագործակցությունը սևծովյան տարածաշրջանային երկրներում և նրա սահմաններից դուրս՝ բնապահպանական մոնիտորինգ իրականացնելու համար: Ծրագիրը մեկնարկել է 2020թ-ի հուլիսի մեկին, կավարտվի 2022թ-ի դեկտեմբերի 31-ին: Ծրագիրը կօգտագործի Կոպերնիկուս համակարգի տվյալներն ու ծառայությունները, կստեղծի առցանց ծառայությունների  հարթակ, որը հասանելի կլինի տեղական, ազգային և տարածաշրջանային շահառուներին:

Պոնտոս ծրագրի հետազոտող, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Գարաբեդ Կազանջյանը նշեց, նշեց, որ Հայաստանում Պոնտոս ծրագիրը կենտրոնացած է Սևանա լճի հիմնախնդիրներն ուսումնասիրելուն,  նաև միտված է  շրջակա միջավայրի մոնիտորինգի կարողությունների բարելավմանը: 

Նա նաև հավելեց, որ Սևանա լճում, համապատասխան կառույցների կողմից, մոնիտորինգ անցկացվում է ամիսը մեկ  կամ տարին 7-8 անգամ, որը բավարար չէ  Սևանա լճի նման բարդ լճի ուսումնասիրության համար: Պոնտոսի Կոպերնիկուսի ծրագրի առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս ավելի մեծ հաճախականությամբ արբանյակային լուսանկարներ ստանալ: Արբանյակը Հայաստանի տարածքով անցնում է հինգ օրը մեկ անգամ, որը և հնարավորություն է տալիս Սևանից յուրաքանչյուր 5 օրը մեկ անգամ նկարներ ստանալ վերլուծությունների համար:

«2018թ-ից հետո էվտրոֆիկացիայի պատճառով Սևանա լճում ցիանոբակտերիաներն ավելացել են, որի արդյունքում կանաչ ջրիմուռները ծաղկում են, որը բացասաբար է ազդում լճի էկոհամակարգի վրա: Ծաղկումը մեկ-երկու  շաբաթ է տևում և ամիսը մեկ անգամ չափումներ անելու դեպքում կարող ենք այդ տվյալները չգտնել: 5 օրը մեկ անգամ արբանյակային նկարների միջոցով վերլուծելու և փոփոխությունների դեպքում չափագրումներով հնարավոր է համեմատություն անել և հասկանալ խնդիրը»,- ասաց նա և հավելեց, որ ծրագիրն աշխատում է  2020թ-ից և արդեն կարողացել են վերհանել Սևանա լճի կանաչ ջրիմուռների ծաղկման մի քանի պատճառներ։

Առաջինը, Գ. Կազանջյանի խոսքով, լճի ջրի մեջ ջրիմուռների սննդի քանակի ավելացումն է՝ ազոտի և ֆոսֆորի տեսքով, որով սնվելով ջրիմուռները արագ են աճում: Ցիանոբակտերիան կարիք ունի բարձր ջերմաստիճանի և կապված գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ՝ լճի ջերմաստիճանը բարձրացել է, և արդյունքում ջրիմուռներն արագ են աճում և ծաղկում:

Նա նաև նշեց, որ ջրի ջերմաստիճանի հարցը հնարավոր չէ հսկել, սակայն կարելի է վերահսկել ֆոսֆորի և ազոտի քանակների նվազեցումը լճում՝ ֆիքսելով, թե ինչ ճանապարհով են թափվում: Գ. Կազանջյանի փոխանցմամբ,  Սևանա լիճ թափվող գետերով բնակավայրերի կոյուղաջրերը հոսում են Սևան, իսկ ինչպես հայտնի է կենսաբանական մաքրման կայաններ գետերի վրա չկան, և արդյունքում լճում ավելանում է ֆոսֆորի և ազոտի քանակը: Սա առաջին պատճառ: Բացի այդ, շրջակա գյուղերի բնակիչների օգտագործած պարարտանյութերը ևս տեղումների ժամանակ հոսում են  դեպի լիճ. սա երկրորդ պատճառ:

Գարաբետ Կազանջյանը ներկայացրեց Լիճք գետի տարածքը, որտեղ, ըստ մոնիթորինգի տվյալների, ջուրը համեմատաբար մաքուր է. նախ գետը երկար, ոլոր-մոլոր ճանապարհով է  հասնում լիճ՝ կիսաճահճային տարածքներով, որտեղ աճում են եղեգներ և այլ բույսեր, որոնք էլ վերցնում են ջրիմուռների սնունդ հանդիսացող նյութերը: Արդյունքում լճի այդ հատվածը համեմատաբար մաքուր է: Նա նաև հիշեցրեց, որ Սևանա լճի մակարդակի իջեցմանը զուգահեռ ճահճային տարածքներ կային, օրինակ` Գիլի լիճը, որոնք չորացել են, և այն բույսերը, որ կարող էին կլանել սնունդը՝ արդեն չեն աճում և կոյուղաջրերն առանց ֆիլտրվելու անմիջապես հայտնվում են լճում:

Ծրագրի գործունեության ընթացքում լիճը զոնաների են բաժանել և պարզել են, որ օրինակ Հայրավանքի տարածքում ջուրն ավելի մաքուր է, քան Մարտունու տարածաշրջանում, պատճառն այն է, որ Հայրավանքի տարածքում բնակավայրերը հեռու են լճից կամ քիչ են և գետ չկա, իսկ Մարտունու տարածքում ջրի որակը վատն է, քանի որ բնակավայրերի կոյուղաջրերը հոսում են  դեպի Սևան. Մարտունու տարածքում ջրիմուռներն ավելի շատ են, քան Հայրավանքի տարածքում:

Ուսումնասիրելով Սևանա լճի ջրի մաքրության, կանաչ ջրիմուռների ավելացման և ծաղկման պատճառները, ծրագրի հետազոտողներն առաջարկում են երկու տարբերակ՝ իհարկե կենսաբանական մաքրման կայանների հիմնում, որը թանկ արժե, սակայն կա նաև երկրորդ՝ մատչելի և բնական տարբերակը՝ Սևանի ափամերձ հատվածներում ճահճային տարածքների ստեղծումը և համապատասխան բուսատեսակների քանակի ավելացումը, որոնք կֆիլտրեն ջուրը:

Հետազոտողները պնդում են, որ բույսերը կկլանեն գետերի ջրերում հայտնված ազոտն ու ֆոսֆորը, և լիճը կարող է որոշ չափով մաքրվել. ջրիմուռները քիչ սննդի դեպքում նվազ կզարգանան: Նման տարածքներ այսօր էլ Սևանի տարածքներում կան, որտեղ ջուրը համեմատաբար մաքուր է:

Կազանջյանը նաև հաղորդեց, որ, օրինակ Գավառագետի ջուրը նվազել է, որն էլ  նշանակում է, որ կեղտաջրերը ավելի խտացված են հասնում լիճ: Նաև նշեց, որ ժամանակին գետամերձ շրջաններում բույսեր կային, որոնք կլանում էին գետում հայտնված նյութերը, սակայն այդ բույսերն այսօր կամ չեն աճում, կամ քիչ են: Գետերի հարակից տարածքներում ևս նա առաջարկում է ավելացնել այն բույսերի քանակը, որոնք կլանում են գետում հայտնված աղտանյութերը, ստեղծել  բույսերի աճմանը նպաստող պայմաններ և այլն: Օրինակ եղեգներ տնկել, որոնք կֆիլտրեն գետի ջուրը, նաև ջրոսպ մշակել, որը տարածվում է  ջրի վրա՝  կլանելով ազոտն ու ֆոսֆորը. Այս փորձը կիրառում են Հոլանդիայում:

Այսպիսով, ամփոփեց Գ. Կազանջյանը, հնարավոր է Սևանա լճի էվտրոֆիկացիայի հարցը լուծել բնական ձևով. ստեղծել ճահճային տարածքներ և հնարավորություն տալ աճելու եղեգներին և նման բույսերի, որոնք կկլանեն գետերով հոսող ազոտն ու ֆոսֆորը և ֆիլտրացված ջուրն արդեն կհասնի Սևան: Հոկտեմբերին ներկայացվելու է ծրագրի հանրային զեկույցը, որտեղ առավել հանգամանալից կներկայացվեն հիմնախնդիրները, լճի առավել կեղտոտ և համեմատաբար մաքուր հատվածների քարտեզագրումը  և առաջարկները:

Բացի գետերի և լճի ջրի ուսումնասիրությունից, ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է անտառածածկի փոփոխության ազդեցությունը լճի վրա: Ինչպես ներկայացրեց Պոնտոս ծրագրի հետազոտող Եվա Դանիելյանը, օգտագործվել է անտառածածկի փոփոխության դինամիկան սկսած 2009թ-ից և արբանյակային պատկերների միջոցով ֆիքսել են թե ՛   աճը, թե ՛  անտառածածկի կորուստը: Ըստ նրա, վերցվել են 5 տարբեր ցուցիչներ՝ ուսումնասիրելու անտառածածկի փոփոխության ազդեցությունը լճի վրա և պարզվել է, որ անտառի փոփոխությունը չի ազդել ջրի որակի վրա: Նաև նկատեց, որ Սևանի վրա շատ այլ գործոններ են ազդում, քան անտառների փոփոխությունները:

Պոնտոս  ծրագրի հաղորդակցության ղեկավար Տաթևիկ Վարդանյանն իր հերթին ներկայացրեց, որ ծրագիրը Հայաստանում ունի երկու գործընկեր՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբյան բնապահպանական կենտրոնը և Բնապահպանության և ընդերքի տեսչությունը, նաև 4 միջազգային գործընկեր ունեն: Նրա խոսքով, ծրագրի նպատակն է ստեղծել առցանց հարթակ և արբանյակային նկարները համադրելով առկա դաշտային այցերի ժամանակ ստացված ուսումնասիրությունների հետ, ստացված հստակ նկարները  հասանելի դարձնեն հարթակում: Ծրագրի հաջորդ նպատակը կարողությունների զարգացումն է: Արդյունքում, ըստ նրա,  կձևավորվի հարթակ, որտեղից յուրաքանչյուր անձ կարող է  անմիջական տեղեկություն ստանալ լճի մասին:

«Մեր հիմնական նպատակը լճի քարտեզագրումն է՝ ավելի բարձր ռիսկայնություն ունեցող տարածքների գոտիավորումը»,- ասաց նա և հավելեց, որ քարտեզագրման մեջ տեղադրվելու է նաև անտառածածկի փոփոխությունը, ճահիճների հաշվարկը, գյուղատնտեսության ազդեցությունը լճի վրա և այլն:

 Նշենք, որ Պոնտոս հարթակի ստեղծումը հնարավորություն է տալիս վերահսկել, գնահատել և ուսումնասիրել հետևյալ խնդիրները՝  չափումներ  լճի էվտրոֆիկացիայի, հարակից անտառածածկի և դրա փոփոխությունների,  ջրլող բուսականության վերաբերյալ:

Մեդիատուրն իրականացվեց «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում և ԵՄ ֆինանսավորմամբ: Հայաստանում ծրագիրն իրականացվում է երկու գործընկերների՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: