Ցեմենտի ներկրման տուրքը 14 հազարի փոխարեն կսահմանվի 2 հազար դրամ

Ցեմենտի ներկրման տուրքը 14 հազարի փոխարեն կսահմանվի 2 հազար դրամ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 3-ի նիստում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն է ստացել: 

Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կառավարության հետ լրացուցիչ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով ցեմենտի գների փոփոխությունը, ցեմենտի շուկայում նկատվող զարգացումները, դեֆիցիտը, գնաճը, նաև ներկրվող ցեմենտի «արգելափակված» վիճակը, որոշել են ներկրվող ցեմենտի տուրքն ավելի շատ իջեցնել: «Այսինքն՝ եթե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով 14 հազարի փոխարեն սահմանվում էր 9 հազար դրամ, հիմա կսահմանվի 2 հազար դրամ»,-ասել է Թունյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ ցեմենտի ներկրման համար պետական տուրքի սահմանումը նպատակ ուներ խթանել տեղական արդյունաբերության զարգացմանը: Սակայն, ըստ նախարարի, այսօր, կառուցապատման, շինարարության ոլորտը շատ մեծ խոչընդոտների առաջ է կանգնում: 

«Էկոնոմիկայի նախարարությունն այս պարագայում առաջնորդվում է ավելի շատ բալանսավորված շահի տեսանկյունից: Եվ մենք գտնում ենք, որ առաջիկա որոշակի ժամանակահատվածում անհրաժեշտություն կա մեղմացնել ներմուծվող ցեմենտի տուրքի չափը, որպեսզի ընկերությունները կարողանան թե Իրանից, թե Վրաստանից լրացնել այն ծավալները, որոնք չեն կարողանում անել տեղական արտադրողների շնորհիվ»,-ասաց Քերոբյանը:

Աղբյուրը՝   shabat.am