Երեք տասնյակից ավելի ընկերություն ամենատարբեր ոլորտներից կմասնակցի այս տարվա «Expo Russia-Armenia 2022» ցուցահանդեսին

Երեք տասնյակից ավելի ընկերություն ամենատարբեր ոլորտներից կմասնակցի այս տարվա «Expo Russia-Armenia 2022» ցուցահանդեսին

Երևանում հոկտեմբերի 5 – 7-ը կանցկացվի «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանի 7-րդ գործարար-համաժողովը: Մասնակցելու են 30-ից ավելի ընկերություններ ամենատարբեր ոլորտներից:

«Մասնակցում են խոշոր ռուսական ընկերություններ, որոնք պարբերաբար ներկա են եղել: Ունենք նաև նոր ընկերություններ, որոնք առաջին անգամ են մասնակցում: Առանձնացված են տնտեսության ամենատարբեր ուղղություններ՝ էներգետիկա, նավթ-գազ, հանքարդյունաբերություն, մեքենաշինությունը, շինարարություն, տրանսպորտը, ագրոարդյունաբերություն, բանկային, ապահովագրական գործունեությունը, գիտություն, կրթություն և այլն»,-ասաց Սվետլանա Զաբելինան:

Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, նշեց, որ ամեն մի մասնակցող ընկերության համար պատրաստվել է գործընկերների ցանկ և գործնական ծրագիր:

«Ակնկալում եմ բոլորի հետ հանդիպել և անձամբ շփվել, քանի որ մեզ համար կարևոր է պահպանել մեր հարաբերությունների բարձր մակարդակը: Ուզում եմ ընդգծել, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են, իսկ նման միջոցառումներն իրենց մեծ ներդրումն են ունենում այդ գործում»,- ասաց Աննա Դոչենչկո: Նա կարևորեց հայ գործընկերների հետ ակտիվ աշխատանքն ու սերտ կապերը:

«Զարուբեժ էքսպո» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Անատոլի Նիկոլաևը տեղեկացրեց, որ գործարար-համաժողովի շրջանակներում նախատեսված են էներգետիկայի, բժշկության և դեղագործության, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության, տրանսպորտի, գիտության և կրթության ոլորտներին առնչվող թեմատիկ կլոր սեղաններ, կազմակերպվելու են գործարար հանդիպումներ:

«Բազմաթիվ են օրինակները, որ այս ցուցահանդեսների միջոցով գործարարները կարողանում են նոր կապեր հաստատել, գործընկերներ գտնել, համագործակցության շրջանակները ընդլայնել: Ամենատարբեր ոլորտներից ներկայացուցիչներ են լինելու, ներկայացվելու են ապրանքներ, ծառայություններ, տեխնոլոգիական ոլորտի նորություններ: Այնպես որ, մասնակցությունը խրախուսվում է»,-ասաց Անատոլի Նիոլաևը:

Աղբյուրը՝   armenpress.am