Ինչ միջոցառումներ են նախատեսված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2023թ. ծրագրով

Ինչ միջոցառումներ են նախատեսված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2023թ. ծրագրով

ՀՀ կառավարությունը 2022թ. սեպտեմբերի 29-ի նիստում հաստատեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2023թ. տարեկան ծրագիրը: Ըստ ՀՀ կառավարության կողմից ընդունված համապատասխան որոշման հիմնավորման՝ առանձնացվել են ավելի քան 20 միջոցառումներ՝ միտված Սևանա լճի որակական և քանակական հիմնախնդիրների կարգավորմանը։

Դրանց իրականացման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, ափամերձ ջրածածկ տարածքներից անտառաշերտերի մաքրում, ապօրինի կառուցված շենք-շնությունների ապամոնտաժում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում, տարածքային զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակում ու իրականացում և այլն: 

Սևանա լճի 2023թ. տարեկան ծրագրով միջոցառումները տարանջատվում են երկու ուղղության՝ կառավարման համակարգի կատարելագործում և Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական ու բնօգտագործման գործառույթների կատարելագործում: Առաջինն ընդգրկում է երեք միջոցառում՝ «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կարողությունների զարգացում և Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի, սննդի (300 մշտական գործող) օբյեկտների կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցում և շահագործում՝ օբյեկտները շահագործող տնտեսվարողների միջոցների հաշվին:

Ծրագրի երկրորդ ուղղության մեջ ներառված է 21 միջոցառում: Դրանց թվում են այնպիսի միջոցառումներ, որոնք միտված են Սևանա լճից իրականացվող ջրբացթողումների նվազմանը: Այսպես՝ նախատեսվում է Սևանա լճից ոռոգման սեզոնին ջրի արդյունավետ օգտագործման նպատակով մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում կիրառել ջրախնայող տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ ներդնել կաթիլային ոռոգման ցանցեր: Լճում ջրի ավելացման է միտված նաև Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի սպասարկման, շահագործման ու պահպանման աշխատանքների իրականացումը, որի համար նախատեսվում է հատկացնել 205,800.0 հազար դրամ:

Սևանա լճի ծաղկման պատճառների բացահայտման ուղղությամբ կիրականացվի Սևանա լճի էկոհամակարգի վրա ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության ազդեցության գնահատում: Մասնավորապես՝ 118,163.2 հազ. դրամ գումարով կկատարվի կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ) քանակի հաշվարկում և Սևանա լճի էկոհամակարգի վրա դրանց ազդեցության գնահատում: Մեկ այլ միջոցառմամբ նախատեսվում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման գիտահետազոտական աշխատանքների համապարփակ ծրագրերի մշակում, էկոհամակարգի վերականգնման և կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում՝ «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում և «ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» ծրագրի շրջանակներում: 

Սևանա լճի ամենամյա կանաչման դեմ պայքարի միջոցառումներից կլինի նաև Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրման գործընթացը ժամանակակից մեթոդներով իրականացնելը: Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում գյուղական առափնյա՝ Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում գործող կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններում նախատեսվում է կառուցել նաև կենսաբանական մաքրում իրականացնող կեղտաջրերի մաքրման կայաններ:

2023թ. Սևանա լճի շրջակայքում 5 հեկտար անտառաշերտի հիմնում է նախատեսված, որը պետք է իրականացվի «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով: Միևնույն ժամանակ՝ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում կապամոնտաժվեն 1901.5 մ բացարձակ նիշից ներքև գտնվող պետական և համայնքային նշանակության շենք-շինությունները: Ինքնակամ կառուցված մաքրման ենթակա շենք-շինությունները կապամոնտաժվեն սեփականատերերի միջոցների հաշվին, իսկ տիրազուրկ շինությունները՝ ՀՀ օրենքով չարգելված միջոցների հաշվին:

2023թ. տարեկան ծրագրում անդրադարձ կա նաև կենդանական ռեսուրսների քանակների վերականգնման վերաբերյալ: Կենդանական ռեսուրսների, այդ թվում՝ ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանման, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրության, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատման ու վերականգնման ուղիների մշակման համար կհատկացվի 15452.2 հազար դրամ:

2023թ. Սևանա լճի տարեկան ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև այլընտրանքային ջրային ռեսուրսների օգտագործումը՝ Գեղարքունիքի մարզի Արգիճիի և Աստղաձորի նոր ջրամբարների կառուցման արդյունքում: Ծրագրի հավելվածում նոր ջրամբարների կառուցման ծախսերի վերաբերյալ հստակ թվեր չկան, միայն նշված է՝ ՀՀ օրենքով չարգելված միջոցների հաշվին:

Աղբյուրը՝   ecolur.org