Աշխատանք ենք տանում, որ նոր, ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ, սենյակներ մտցնենք շուկա. Քերոբյան

Աշխատանք ենք տանում, որ նոր, ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ, սենյակներ մտցնենք շուկա. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Հայաստանում, հատկապես Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքով պայմանավորված, բնակարանների վաճառքի և վարձակալության բարձր գներին:

Քերոբյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Հենց նոր իմ ընկերը, որ մի քանի օրով պետք է Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս չի կարողանում գիշերավարձով հյուրանոց գտնել»:

Նախարարը նկատեց, որ հիմա նախկինի նման հարմար գներով բնակարաններ հնարավոր չէ վարձել:

«Մենք հիմա մեծ աշխատանք ենք տանում, որ կարողանանք նոր, ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ կամ սենյակներ մտցնենք շուկա: Այդ առումով աշխատում ենք թե մասնավոր ընկերությունների հետ, թե ներսում փորձում ենք ստեղծել այնպիսի ծրագիր, որը կօգնի դա անել»,-ասաց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ տարվա սկզբին Երևանում մոտ 7 հազար բնակարան, որ դատարկ էր, հիմա շրջանառության մեջ է, այսինքն՝ այնտեղ բնակվողներ կան: Նախարարի խոսքով՝ այդ առումով շարունակում են աշխատանքը, որ երկրորդային շուկայից ավելի շատ բնակարաններ մտնեն շրջանառության մեջ: Քերոբյանը հավելեց, որ հաշվի են առնում մարդկանց այն քանակը, որ ամեն օր գալիս է Հայաստան:

Աղբյուրը՝   armenpress.am