Պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ն կես միլիարդ դոլարի հացահատիկ է գողացել Ուկրաինայից․ Associated Press-ի հետաքննությունը

Պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ն կես միլիարդ դոլարի հացահատիկ է գողացել Ուկրաինայից․ Associated Press-ի հետաքննությունը

Ռուսաստանը պատերազմի մեկնարկից ի վեր առնվազն 530 մլն դոլարի ուկրանական հացահատիկ է գողացել։ Նման եզրահանգման է եկել Associated Press գործակալությունը հետաքննության արդյունքում, որի շրջանակում լրագրողներն  ուսումնասիրել են արբանյակային լուսանկարներ, փաստաթղթեր, տվյալներ, նաև սոցցանցերի հաղորդագրությունները։

Նշվում է, որ լրագրողները կարողացել են հացահատիկով լի ավելի քան 50 բեռների տեղափոխման հետևել Ուկրաինայի օկուպացված շրջաններից դեպի Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի և այլ երկրների նավահանգիստներ, որոնք կազմել են մոտ 30 նավ։ Որպես օրինակ՝ լրատվամիջոցը հետաքննության մեջ մանրամասն վերլուծում է «Լաոդիկիա» նավի երթուղին։ Հուլիսի վերջին այն խարիսխ է նետել Լիբանանի Տրիպոլի նավահանգստային քաղաքում։ Այդ երկրի իշխանություններն այնուհետ հերքել են Ուկրաինայի այն պնդումները, թե նավը գողացված հացահատիկ է տեղափոխում։

Պաշտոնապես նշվում էր, որ ապրանքները նավ են բեռնվել Ռոստովի մարզի «Կավկազ» նավահանգստում, սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ նավն իրականում մեկնել է Ղրիմի Թեոդոսիայից: Այնտեղ էլ հացահատիկը, հավանաբար, հասել է Մելիտոպոլից, որը գրավվել է ռուսական զորքերի կողմից պատերազմի առաջին օրերին, մասնավորապես, նույն պարկերը տեսանելի են Մելիտոպոլում արված տարբեր տեսանյութերում և Լիբանանում բեռնաթափման ժամանակ նկատելի են նույնական պարկեր։ Ըստ AP-ի՝ մաքսանենգության մեջ ներգրավված է եղել նաև «Միացյալ նավաշինարարական կորպորացիան»: Իր դուստր Crane Marine Contractor-ի միջոցով կորպորացիան երեք բեռնատար նավ է գնել ներխուժմանը նախորդող շաբաթների ընթացքում: Այնուհետև դրանք առնվազն 17 ուղևորություն են իրականացրել Ղրիմի և Թուրքիայի ու Սիրիայի նավահանգիստների միջև։

Հետաքննության հեղինակները նշում են, որ գողացված հացահատիկը ստացողները կարող են լինել նաև Թուրքիայի իշխանությունները։ Տրանսպոնդերի և արբանյակային պատկերների տվյալները ցույց են տալիս, որ ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերը խարսխված են եղել գյուղատնտեսական ապրանքներ ներմուծող և արտահանող պետական ​​ձեռնարկության՝ Թուրքիայի հացահատիկի վարչության կողմից շահագործվող վերելակների նավամատույցների մոտ: Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ-ն դեռ հունիսին հայտարարել էր, որ, իբր, Անկարան հացահատիկի ապօրինի արտահանման ապացույցներ չի գտել։

Աղբյուրը՝   factor.am