Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը կանգնել է լուրջ խնդիրների առաջ. Մեխակ Ապրեսյան

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը կանգնել է լուրջ խնդիրների առաջ. Մեխակ Ապրեսյան

Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ ռազմական գործողություններից հետո նախատեսված մի շարք միջոցառումներ, որոնք միջազգային նշանակություն ունեին, հետաձգվել են։ Դրանցից է Արենիում ամեն տարի անցկացվող գինու փառատոնը, որին մասնակցելու համար տարբեր երկրներից բազմաթիվ զբոսաշրջիկներ էին ժամանում Հայաստան։

Բացի այդ, ըստ Մեխակ Ապրեսյանի, Ջերմուկում, որը համարվում է Հայաստանի կարևոր զբոսաշրջային ուղղություններից մեկը, շատ ենթակառուցվածքներ ֆիզիկապես վնասվել են, այսօր այնտեղ նաև  զբոսաշրջային այցելություններ չկան:

«Ջերմուկի առողջարանները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող այլ հաստատություններ այսօր չեն գործում և չի բացառվում, որ դրանք ևս կարող են փակվել»,- ընդգծեց Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ պետությունը մասնավոր հատվածի հետ միասին պետք է մշակի ռազմական գործողություններից տուժած վայրերում զբոսաշրջության պահպանման ուղղությամբ միջոցառումների ծրագիր։

Մեխակ Ապրեսյանը միաժամանակ նշեց, որ իրականում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականից սկսած կանգնել է լուրջ մարտահրավերների առաջ. սկզբում համավարակն էր, հետո 44-օրյա պատերազմը։

«Դրանից հետո ջանքեր գործադրվեցին ոլորտը վերականգնելու ուղղությամբ, ինչը հաջողվել էր, սակայն համավարակից, պատերազմից հետո կազմակերպված զբոսաշրջությունը դեռևս չի մտել կայուն վերականգնման փուլ։ Կազմակերպված այցելությունները շատ չեն, հիմնականում աճ գրանցվում է անհատական այցելությունների շնորհիվ»,- ընդգծեց նա։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան է այցելել 1 մլն-ից ավելի զբոսաշրջիկ, ինչը, ըստ Մեխակ Ապրեսյանի, մոտենում է 2019 թվականի տվյալներին։

Աղբյուրը՝   panorama.am