Սեւանա լճի ջրածածկման ենթակա անտառներում այս տարի մաքրվել է շուրջ 25 հեկտար տարածք
022 թվականից ՀՀ կառավարության եւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության միջոցներով ու «Սեւան» Ազգային պարկ»-ի ուժերով Սեւանա լճի՝ ջրածածկման ենթակա անտառներում ծառերից, արմատներից եւ բուսական այլ համակեցություններից մաքրվել է շուրջ 25 հեկտար տարածք։ Այժմ աշխատանքներն ընթանում են Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում։ Մաքրման աշխատանքներն իրականացվում են 4 տեխնիկաների եւ 11 բանվորների մեխանիզատորների եւ 1 աշխղեկի մասնակցությամբ, ծովի մակարդակից 1901,5 մետր նիշից ներքեւ գտնվող տարածքներում։
«Շատ բարդ աշխատանք ենք կատարում, մինչեւ վերջին արմատն ու թուփը մաքրում ենք՝ աշխատելով թե՛ ջրի մեջ, թե՛ ցամաքում։ Նույնիսկ ջրից կամ ճահիճներից դուրս ենք բերում այն կոճղերն ու արմատները, որոնք ժամանակին չեն հեռացրել կապալառու կազմակերպությունները՝ կիսատ, ոչ լիարժեք աշխատանք կատարելու արդյունքում։
Այս տարի նախատեսված էր մաքրել 64 հեկտար անտառային տարածք, մինչ հոկտեմբերի 4-ը դեռեւս մաքրել ենք 25 հեկտարը՝ աշխատելով Վարդենիկի, Ծովինարի, Զոլաքարի, Աստղաձորի եւ Վաղաշենի հատվածներում։ Եթե եղանակային պայմանները թույլ տան, կկարողանանք մինչեւ տարեվերջ որոշակի առաջընթաց գրանցել, կանենք հնարավորը, որպեսզի մոտենանք նախատեսված հեկտարների մաքրմանը։ Մնացած աշխատանքները կշարունակենք 2023 թվականի ընթացքում։ Մենք ոչ թե դանդաղել ենք մեր աշխատանքում, այլ այն իրականացրել ենք դժվարին պայմաններում, ճահիճների ու լճի մեջ, գրեթե առանց դադարի։ Ի տարբերություն նախորդ տարիների, մենք շատ որակյալ աշխատանք ենք կատարել, ու մաքրված հատվածներում արդեն ջրի որակի դրական փոփոխությունը նկատելի է։ Աշխատանքները կատարել ենք այն չափով, ինչ չափով որ դա թույլ են տվել մեր տրամադրության տակ եղած տեխնիկական միջոցները»,-ներկայացրեց Կարեն Մնացականյանը։
Աղբյուրը՝ armenpress.am