Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են «Վարպետաց տուն» կենտրոնի տնօրենին

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են «Վարպետաց տուն» կենտրոնի տնօրենին
Քաղաքաշինության կոմիտեում քաղաքացիների հերթական ընդունելության շրջանակում հյուրընկալել են «Վարպետաց տուն» կրթական կենտրոնի տնօրեն Շոշանա Շահբազյանին: Շինարարության ոլորտում երիտասարդ մասնագետների պատրաստման կենտրոնի տնօրենը կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, խորհրդական Արտավազդ Թարխանյանին և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներին ներկայացրել է կենտրոնի գործունեությունը՝ քննարկելու համար համագործակցության հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։
Կենտրոնը կազմակերպում է տեսական և գործնական հնգամսյա դասընթացներ՝ «սանտեխնիկ», «էլեկտրիկ», «եռակցող» մասնագիտացումներով՝ տրամադրելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված վկայական և երաշխավորելով աշխատանք գործընկեր շինարարական կազմակերպություններում:
Կոմիտեի ղեկավարը կարևորել է կենտրոնի՝ արհեստավորների պատրաստման հանձնառությունը և կիսել այդ ուղղությամբ երիտասարդ մասնագետների պակաս ունենալու մտահոգությունը: Որոշվել է դիտարկել խնդրի լուծման ուղղությամբ հնարավոր նախաձեռնությունները և աջակցել մասնագիտական կառույցների հետ կենտրոնի համագործակցության կայացմանը: