Մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում էլ զբոսաշրջային կյանքը կանգնել է. Քերոբյան

Մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում էլ զբոսաշրջային կյանքը կանգնել է. Քերոբյան

Սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի որոշ հատվածներում որոշակի խնդիրներ են առաջացել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Ես այցելել եմ Վարդենիս, Սոթք,  Ջերմուկ, Եղեգնաձոր և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրությունների փուլում ենք։  Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»,- ընդգծեց Քերոբյանը:

Հարցին, թե արդյոք վնասի չափը ճշտել են, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ դեռ չեն հաշվարկել, սակայն մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, իսկ Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է: «Իհարկե ոչ մի բնակավայր չենք կորցրել, կարելի է ասել, որ  մեծ, լուրջ բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվությանը, Վահան Քերոբյանն ասաց, որ ընդհանուր առևտրաշրջանառությունը սեպտեմբերին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին. 
«Այս պահին մեր ունեցած տվյալներն ասում են այն մասին, որ մեծ հավանականությամբ սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում չենք ունենա, կլինի մոտ 19-20 տոկոսի մակարդակում»։

Աղբյուրը՝   panorama.am