ԱԷՄԳ-ի պատվիրակությունն այցելել է ԱԷԿ

ԱԷՄԳ-ի պատվիրակությունն այցելել է ԱԷԿ

Ս/թ հոկտեմբերի 4-ին Հայկական ԱԷԿ էր այցելել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը: ԱԷՄԳ-ի պատվիրակությանն ուղեկցել են  ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ: Հյուրերը նախ շրջայց կատարեցին կայանի տարածքում, ծանոթացան ՀԱԷԿ-ում իրականացված արդիականացման աշխատանքներին, տեղում ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից: 

Տեխնիկական շրջայցից հետո ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում հյուրերին նախ ողջունել  է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանը: Նա կարևորել է  այն փաստը, որ ստեղծված իրավիճակում Ռ. Գրոսսին պատրաստակամություն է ցուցաբերել այցելել Հայաստան և Հայկական ԱԷԿ: Փոխնախարարն ընդգծել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի վերաթողարկման պահից սկսած՝ արդեն շուրջ 30 տարի ԱԷՄԳ-ն տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայկական ատոմակայանին, որի դերն անհամեմատ մեծ է մեր տնտեսության զարգացման գործում: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսին:

Նա մեծ գոհունակությամբ է նշել, որ իր նախորդ այցից ի վեր կայանում բազմակողմանի լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել, ինչն, անշուշտ, կերաշխավորի կայանի հետագա անվտանգ և հուսալի շահագործումը: «Ես այսօր հնարավորություն ունեցա սեփական աչքերով տեսնելու այն հսկայածավալ աշխատանքը, որն իրականացվել է Մեծամորի ԱԷԿ-ում, և համոզվեցի, որ դուք իրապես արժանի եք այն աջակցությանը, որը տրամադրվում է ԱԷՄԳ-ի կողմից: Շարունակե՛ք աշխատել նույն ոգով, իսկ մենք մեր հերթին կանենք հնարավոր ամեն ինչ ձեզ աջակցելու համար»,-իր խոսքը եզրափակել է գործակալության ղեկավարը:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանն իր հերթին ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել երկարամյա սերտ և արդյունավետ փոխգործակցության համար: Է. Մարտիրոսյանը ներկայացրել է ընթացիկ և հեռանկարային ծրագրերը. այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման, այնպես էլ նոր էներգաբլոկի կառուցման նախագծերի ուղղությամբ: «Մենք ունենք մեծ ռեսուրս և մեծ ցանկություն»,- նշել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, և հույս  հայտնել, որ դա կօգնի հաջողության հասնել:

Նա նաև ընդգծել է  ատոմային կայանի շահագործման աշխատանքներում երիտասարդ սերնդի ներգրավման կարևորությունը, ինչը մշտապես եղել և մնում է ՀԱԷԿ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ վստահություն են հայտնել, որ ՀԱԷԿ-ԱԷՄԳ երկարամյա համագործակցությունն ունի ընդլայնվելու և մշտապես զարգանալու բոլոր նախադրյալները: