Լոռու մարզպետի տեղակալն այցելել է մարզի տարածքում գտնվող հապալասի ամենաընդարձակ այգին

Լոռու մարզպետի տեղակալն այցելել է մարզի տարածքում գտնվող հապալասի ամենաընդարձակ այգին
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի ուղեկցությամբ այցելել է բարձրարժեք հապալասի մշակությամբ զբաղվող «Դենդրո Գարդեն» ՓԲԸ։ Այս մասին ejc.am-ին հայտնում են Լոռու մարզպետարանից։
Փոխմարզպետը շրջել է տնտեսության տարածքում, ծանոթացել տարածքում ընկերության ծավալած գործունեությանը և հատապտղի աճեցման մեխանիզմներին։
Ներկայացնելով «Դենդրո Գարդեն» ՓԲԸ-ի ընթացիկ աշխատանքները և զարգացման ծրագրերը՝ ընկերության տեղամասի պետ Կարեն Զալինյանը նշել է, որ 10 հա այգին հիմնվել է 2021 թվականին, անցած տարվա ընթացքում ներդրվել են օրգանիկ ձևով մշակման տեխնոլոգիաներ, անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ։ Այգում բարձրարժեք հապալասի 10 տեսականի կա, որոնք հաջորդ տարվանից բավարար բերքատվություն կապահովեն։
Ընկերությունն ունի շուրջ 30 աշխատակից։ Այժմ նպատակ ունեն տնտեսությունն ընդլայնելու, ինչի արդյունքում կբացվեն նոր աշխատատեղեր։ Տնտեսվարողի հետ զրույցում փոխմարզպետը նշել է, որ մարզի գյուղատնտեսական քաղաքականության գլխավոր նպատակներից է ոլորտի բազմակողմանի զարգացումը:
Նա հույս է հայտնել, որ ընկերությունը օրգանիկ հատապտուղների արտադրության հիանալի օրինակ կհանդիսանա և վարակիչ կլինի մյուս ֆերմերների համար։