Կառավարությունն այսօր ՀՀ բյուջեից լրացուցիչ 85 մլն դոլար կհատկացնի Հյուսիս-հարավի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցմանը

Կառավարությունն այսօր ՀՀ բյուջեից լրացուցիչ 85 մլն դոլար կհատկացնի Հյուսիս-հարավի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցմանը

Գործադիրն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում ՀՀ բյուջեից լրացուցիչ 85 մլն դոլար համաֆինանսավորում կավելացնի Հյուսիս-հարավ ճանապահային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի  (Ագարակ-Քաջարան հատված) վարկային համաձայնագրով սահմանված գումարներին:

Հիշեցնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236 681 000 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ վարկային միջոցներ 150 000 000 ԱՄՆ դոլար և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորում 86 681 000 ԱՄՆ դոլար: Վարկային համաձայնագրով նախատեսված շինարարության (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք (կմ 10+650-կմ 42+875)  շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի շինարարություն) արժեքն ըստ հաստատված գնումների պլանի (ներկայացվում է Հավելված 1-ում)  կազմում է 247 290  000 ԱՄՆ դոլար (այդ թվում՝ Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամ՝ 135 000 000 ԱՄՆ դոլար և ՀՀ համաֆինանսավորում՝ 112 290 000 ԱՄՆ դոլար):

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ լրացուցիչ ուսումնասիրություններից հետո նախապես հաստատված ծախսերն ավելացել են 85 մլն դոլարով, որն առաջարկվում  է  համաֆինանսավորել ՀՀ պետական բյուջեին:

«Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) և Ջի Փի Ինջեներիա (Իտալիա)» ՀԶ ընկերությանը Պայմանագրով տրված տեխնիկական առաջադրանքը՝ Խորհրդատուն իրականացրել է լրացուցիչ հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա նախապատրաստվել է Ագարակ- Քաջարանի հատվածի նոր ծրագիր և առաջարկել է նոր նախագծային լուծում (BLUE80): Նշված լուծումը հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի (այսուհետ՝ Կառավարման խորհուրդ) կողմից:

•Խորհրդատուն նախապատրաստել է նախնական նախագիծ, որի համաձայն Լոտ 1 Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք (կմ 10+700-կմ 42+800) 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի շինարարարության նախնական արժեքը կազմել է շուրջ 250 մլն. ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ), ինչը շուրջ 85 մլն. ԱՄՆ դոլարով գերազանցում է ծրագրի սկզբում հաստատված գնումների պլանով շինարարության համար նախատեսված  ֆինանսական միջոցները:

•Նախնական նախագիծը, նախնական հաշվարկը և շինարարության համար պակաս գումարի խնդիրը քննարկվել է 2021 թվականի մարտի 5-ի Կառավարման խորհրդի նիստում: Կառավարման խորհրդի թիվ ՓՎ19-2021 արձանագրության 6-րդ մասի 2-րդ կետի 2-րդ ենթակետով (ներկայացվում է Հավելված 4-ում) սահմանվել է Ծրագրի Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության ֆինանսական միջոցների պակասը (շուրջ 85 մլն. ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ) պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ Ծրագրի համաֆինանսավորման համապատասխան չափի ավելացման եղանակով: Նշված խնդրի մասին տեղեկացվել է նաև Եվրասիական զարգացման բանկը:

•2021 թվականի օգոստոսին Խորհրդատուն ներկայացրել է Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք (կմ 10+700-կմ 42+800) ճանապարհահատվածի մանրամասն նախագիծը և  շինարարության արժեքը, որը կազմում է 247,294,023 ԱՄՆ դոլար (այդ թվում ԱԱՀ՝ 39,328,964.48 ԱՄՆ դոլար):

•Հաշվի առնելով նշված հանգամանքները և Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք (կմ 10+700-կմ 42+800) հատվածի շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի շինարարության համար նախատեսված ֆինանսական միջոցների պակասուրդը (շուրջ 85 մլն. ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ), անհրաժեշտ է նախաձեռնել վարկային համաձայնագրում Ծրագրի համաֆինանսավորման վերաբերյալ համապատասխան դրույթների փոփոխություններ»,-ասված է որոշման նախագծում:

Աղբյուրը՝   panorama.am