Սյունիքի և Լոռու մարզերի շուրջ 4000 հա դեգրադացված հողեր կվերականգնվեն

Սյունիքի և Լոռու մարզերի շուրջ 4000 հա դեգրադացված հողեր կվերականգնվեն

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի շուրջ 4000 հա դեգրադացված հողեր կվերականգնվեն «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պարտավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտարարվեց 2022թ. հոկտեմբերի 5-ին` Ծրագրի մեկնարկային աշխատաժողովի ժամանակ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց. «Շրջակա միջավայրի բնական ռեսուրսների համալիր պահպանումը, բարելավումը, վերականգնումն ու ողջամիտ օգտագործումը կարևոր նախապայման է մարդու և բնության ներդաշնակ գոյակցության համար: Ուրախ եմ արձանագրել, որ ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքների իրականացմամբ ակնկալվում է թիրախային տարածքներում գրանցել հողային ռեսուրսների կայուն կառավարման մեխանիզմների և հողային ռեսուրսների դեգրադացիան չեզոքացնող համալիր մի շարք արմատական աշխատանքներ»:

«Այս ծրագիրն առանցքային դեր կունենա Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացումը խթանելու գործում: Այն կարևոր ներդրում է հողի կայուն կառավարման բարելավման և Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում», - ասաց ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի առաջատար տեխնիկական մասնագետ Կարոլինա Սթարը:

Անդրադառնալով ծրագրի հիմնական նպատակներին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԲԾԻԳ) ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի աշխատակից Անի Սիրականյանը նշեց, որ Գորայքն ու Թումանյանն ընտրվել են հողերի դեգրադացիայի տեսանկյունից խոցելի համայնքներ լինելու պատճառով:

«Այս համայնքներում դեգրադացման գործընթացը կանխող միջոցառումներ են իրականացվելու: Հաշվարկվում է վերականգնել մոտ 4000 հա մարգագետին: Սա մեր գլոբալ նպատակն է, միջանցիկը՝ իրավական բազաների վերանայումն է: Երեք տարի տևողությամբ այս ծրագրի ընթացքում փուլ առ փուլ մոտենալու ենք այդ նպատակին: 2500 շահառու պետք է ունենանք՝ հաշվի առնելով գենդերային ասպեկտը: Ծրագրին վերաբերող հմտություններ փոխանցող թվով 350 թրեյնինգներ կիրականացվեն, միջոլորտային ու ոլորտային բարեփոխումներ կլինեն, կգնահատվեն իրավական դաշտում առկա բացերը»,- ասաց նա ԷկոԼուրի հետ առանձնազրույցում: Ըստ Անի Սիրականյանի՝ ծրագրի ընթացքում նախատեսվում է կառուցել նոր ջրակայաններ, իսկ դեգրադացիայի գործընթացը հաղթահարելուց հետո շահառուներին կտրամադրվեն նոր տնկիներ արտադրանք ստանալու նպատակով: 

ԲԾԻԳ-ի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանն էլ նշեց. «Ծրագրով նախատեսվում է կաթիլային այգիների հիմնում, նոր ջրագծերի կառուցում կամ առկա հին ջրագծերի վերանորոգում: Երբ կուսումնասիրենք համայնքների տարածքները, առկա ոռոգման ցանցերը, կնախատեսենք նաև հողային հունի փոխարինումը ժամանակակից պոլիէթիլենային խողովակներով, որտեղ ջրի կորուստը կհասցնենք նվազագույնի»:

Հողագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը նշեց, որ ամբողջ հանրապետության տարածքի 80%-ից ավելին համարվում է անապատավտանգ տարածք, որից ավելի քան 30%-ն ուժեղ դեգրադացված հողատարածքներ են: Դրանց մեջ մտնում են ինտենսիվ, էրոզացված, ճահճացած, աղակալված և գյուղատնտեսական օգտագործումից դուրս եկած հողատարածքներ: «Քանակական տվյալներով այսօր ոչ ոք չի կարող հստակ ասել, որովհետև անապատացման գործընթացը կատաստրոֆիկ արագությամբ է ընթանում մեր երկրի տարածքում», - ասաց նա: Ըստ Աշոտ Խոյեցյանի՝ վերջին 25-30 տարվա ընթացքում Արարատյան դաշտի առաջնային աղակալված հողերը կրկնապատկվել են՝ ի հաշվի երկրորդային աղակալման հողերի, ինչը բացարձակապես անտրոպոգեն ծագում ունի: «Եթե առաջին 25 հազար հեկտարը հազարավոր տարիների ընթացքում հողերի դանդաղ դեգրադացման արդյունք էր, ապա սեփականաշնորհումից հետո վերջին 30 տարվա ընթացքում երկրորդային աղակալումը կրկնապատկվեց հիմնականում Արարատյան ջրավազանի ինտենսիվ օգտագործման արդյունքում»,- ասաց նա: 

«Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պարտավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից, իրականացվում` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ։ 

Աղբյուրը՝   ecolur.org