Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ: Այդ մասին ասվում Է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) մամուլի տեղեկագրում։
«2022 թվականի սեպտեմբերին ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի (ՖՊԳԻ) միջին ցուցանիշը կազմել Է 136,3 կետ, ինչը 1,5 կետով (1,1 տոկոս) ցածր Է օգոստոսի ցուցանիշից. այսպիսով, դրա նվազումը շարունակվում Է վեցերորդ ամիսն անընդմեջ: Չնայած հետագա անկմանը, ՖՊԳԻ-ն 7,2 կետով (5,5 տոկոս) բարձր Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը նաեւ գրանցում Է ինդեքսների նվազում առանձին պարենային խմբերում: Այսպես, բուսական յուղի գների ինդեքսն օգոստոսի նկատմամբ նվազել Է 10,8 կետով կամ 6,6 տոկոսով՝ հասնելով 152,6 կետի, ինչն ամենացածր ցուցանիշն Է 2021 թվականի փետրվարից: Դա պայմանավորված Է արմավենու, սոյայի եւ արեւածաղկի յուղի գների նվազմամբ: Հացահատիկի գների ինդեքսը, սակայն, աճել Է մինչեւ 147,8 կետ (2,2 կետով օգոստոսի նկատմամբ կամ 1,5 տոկոսով): ՖԱՕ-ն դա բացատրում Է նոյեմբերից հետո սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շարունակվելու հետ կապված աճող անորոշությամբ:
Շաքարի գների ինդեքսը սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ նվազել Է 0,8 կետով կամ 0,7 տոկոսով՝ հասնելով 109,7 կետի: Այդ ցուցանիշը նվազում Է հինգերորդ ամիսն անընդմեջ եւ հասել Է 2021 թվականի հուլիսից ի վեր ամենացածր ցուցանիշին: ՖԱՕ-ն նշում Է, որ սեպտեմբերին կրճատումը պայմանավորված Է գլխավորապես Բրազիլիայում բերքի բարեհաջող տեսակներով, որը շաքարի խոշորագույն համաշխարհային արտահանողն Է: Կաթնամթերքի գների ինդեքսն օգոստոսի նկատմամբ նվազել Է 0,8 կետով կամ 0,6 տոկոսով՝ հասնելով 142,5 կետի: Կազմակերպությունը դա բացատրում Է դոլարի նկատմամբ եվրոյի թուլացմամբ: Մսի գների ինդեքսն օգոստոսի նկատմամբ նվազել Է 0,6 կետով կամ 0,5 տոկոսով՝ հասնելով 121,4 կետի: Ամենից շատ նվազել են ոչխարի եւ տավարի մսի գները:
Աղբյուրը՝ armenpress.am