ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովում քննարկվեց Սևանա լճի ավազանի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության հարցը

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովում քննարկվեց Սևանա լճի ավազանի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության հարցը

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Սևանա լճի էկոհամակարգի վրա ոչ մետաղական հանքերի ազդեցության հարցը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ասատուր Վարդանյանը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերհսկողության վարչության պետ Վահան Գրիգոյանը։

Հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրեց խնդիրը՝ նշելով.

«Մենք հավաքել ենք Սևանա լճի ավազանում շահագործվող բոլոր հանքերի վերաբերյալ տվյալներ: Շատ մտահոգիչ է պատկերը: Ամեն գյուղ իր համար խարամի հանք է բացում: Ուսումնասիրության և շահագործման համար տրված է 8 լիցենզիա, բայց 2019թ. տիեզերական նկարով արդեն կա 38 մեծ ու փոքր փորվածք: 2022թ. տիեզերական նկարով փորվածքների թիվը 2019թ-ի փորվածքների համեմատ ավելի է շատացել»։

Հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ եթե մեկ հանքի դեպքում նկատելի ազդեցություն շրջակա միջավայրի վրա չկա, բայց դրանց գումարային ազդեցությունը շրջակա միջավայրի համար ակնհայտ է:

«Այդ հանքերի փորվածքների գումարային ազդեզությունն այն է, որ լանդշաֆտներն են փոխվում, կարող է էրոզիա լինել, սողանքներ, փլուզումներ: Այդտեղ կարող են արոտավայրեր լինել: Գետերի վերին հոսանքներում գտնվողները գետերի մեխանիկական աղտոտման պատճառ են դառնում, ազդում էկոհամակարգի վրա, քանի որ գետերը Սևանի ձկների ձվադրավայրն են: Այս եղածի հետ միասին մենք ստացել ենք դիմումներ 20 հանքերի հետախուզման համար և սա գրեթե նույն տարածքում՝ Արգիճի և Մարտունի գետերի հատվածում»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

Վահան Գրիգորյանը նշեց, որ ապօրինություններն են շատ: «Մեկ ամիս առաջ շրջայցի ընթացքում երեք ապօրինի դեպք ենք հայտնաբերել», – ասաց նա: Քննարկվեց Սևանի ավազանում ոչ մետաղական հանքերի շահագործման ժամանակավոր դադարեցման հարցը մինչև խնդրի կարգավորումը: Որոշվեց խնդրի առնչությամբ ևս մեկ քննարկում կազմակերպել՝ հրավիրելով նաև ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներին:

Այնուհետև, Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի անդամները քննարկեցին «Արամ-Շին» ՍՊԸ-ի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջիլի կոնգլոբրեկչային հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Հանձնաժողովը որոշեց հայտի վերաբերյալ կարծիք տալ իր դիտողությունների վերաբերյալ պատասխան ստանալուց հետո:

Օրակարգի մյուս հարցը վերաբերում էր Սևանա լճի ափամերձ ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքներին: Զեկուցվեց, որ 2019-2021թթ. ընթացքում 750 հա տարածքում մաքրման աշխատանքներ իրականացնելու համար պայմանագիր է կնքվել «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի հետ: 2019թ. նախատեսվել էր Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ տեղամասում մաքրել 98 հա տարածք, սակայն մաքրվել է 78 հա: 2020թ.նախատեսվել էր 271 հա տարածքի մաքրում, սակայն մաքրվել է 66 հա: 2020 թ. սեպտեմբերի վերջին դադարեցվել է մաքրման աշխատանքների իրականացումը: 2021թ. մաքրման աշխատանքներ չեն իրականացվել:

2022թ. ընթացքում նախատեսված է Սևանա լճի ափամերձ ջրածածկ և ջրածածկման ենթակա 64.8 հա տարածքների մաքրում: Սեպտեմբերի 12-ի դրությամբ մաքրվել է շուրջ 30 հա տարածք: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հնարավոր է համարում մինչև տարեվերջ ավարտել նախատեսված աշխատանքները:

Աղբյուրը՝   lragir.am