ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներն ընդունել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներն ընդունել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին
Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հայ-գերմանական համագործակցության շարունակականության հիմնական շեշտադրումները և քաղաքական կարևորությունը։
Պատվիրակության ղեկավար Վերենա Ցելը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ իրականացվող ծրագրերը թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական համագործակցության ոլորտներում խրախուսելի են և կրում են շարունակական բնույթ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերի համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։ Վաչե Տերտերյանը խոսել է Կապսի ջրամբարի ծրագրի ներկայիս վիճակի և զարգացումների մասին․
«Ունենք մրցութային գործընթաց և լիահույս ենք, որ Վերականգման վարկերի բանկի(KFW) կողմից կստանանք հաստատում, և կկնքվի պայմանագիր, քանի որ ծրագիրը ունի առանցքային նշանակություն»։
Հակոբ Վարդանյանը հյուրերին ներկայացրել է ներկայումս ընթացքի մեջ գտնվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը, որի նախաորակավորման փուլն ավարտվել է, և մինչև տարեվերջ մրցույթի երկրորդ փուլով կընտրվի շինարարական կազմակերպություն։ Նախարարի տեղակալը նշել է, որ ծրագիրը՝ 200 մլն եվրո արժողությամբ, առանցքային նշանակություն ունի Հայաստանի էներգաանվտանգության ու էներգետիկ ոլորտի զարգացման համար։
Անդրադառնալով համայնքներում իրականացվող ծրագրերին՝ Վաչե Տերտերյանը ներկայացրել է մի շարք համայնքներում կառուցված արևային կայանները, որոնք համայնքնային սպառման համար են նախատեսված և ուղղված են համայնքնային ենթակառուցվածքների զարգացմանը և ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև KFW-ի ջանքերով Գյումրու թաղամասերում ջրամատակարարման ցանցի անցկացումը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ձևավորված արդյունավետ համագործակցությունը։