Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են համաձայնության շրջանակներում Տավուշի մարզկենտրոն Իջևանի և Վալանսի միջև կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։  

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Հայկ Ղալումյանը նշել է, որ քույր քաղաքների բարեկամությունը տարիների պատմություն ունի, և այն ամրագրվել է դեռևս 1996 թվականի հուլիսի 8-ին կնքված հուշագրով, որին հաջորդել են երկու քաղաքների ղեկավարների մի շարք հանդիպումներ, պատվիրակությունների փոխայցելություններ։ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, բաց դասեր, սեմինարներ։ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում գործում է ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոն։

Կարևորվել է Տավուշ – Օ-դը-Սեն համագործակցությունը, որի աշխատանքներին իր անմիջական մասնակցությունն է ունեցել երջանկահիշատակ Պատրիկ Դևեջյանը։ Նշվել է, որ հոկտեմբերի 31-ին նախատեսվում է Օ-դը-Սենի նահանգային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակության այցը Տավուշի մարզ, որի շրջանակներում Իջևանում կբացվի Պատրիկ Դևեջյանի անվան գյուղատնտեսական քոլեջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամությունը, նշել, որ հենց բարեկամական կապն ուժեղացնելու նպատակ ունի իրենց այցը։ Նա նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերին միջշրջանային խորհրդի նիստ են ունենալու, որտեղ քննարկվելու են Հայաստանին, այդ թվում նաև Տավուշի մարզին աջակցության հարցեր։

 Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են հանձնել միմյանց։