Նոր գյուղտեխնիկա՝ Բարձրավան բնակավայրին

Նոր գյուղտեխնիկա՝ Բարձրավան բնակավայրին
Հարևան համայնքներից տեխնիկա խնդրելու՝ տարիների պրակտիկան Բարձրավան բնակավայրում այլևս չի կիրառվի:
Բարձրավանում գյուղատնտեսական աշխատանքներն ընթացքի մեջ են, գյուղացուն օգնության հասած տեխնիկան ոչ միայն նոր է, այլև շահագործման առումով՝ հեշտ կառավարելի:
Դեպի Բարձրավան տանող այլընտրանքային ճանապարհները հաճախ դառնում են անանցանելի, և գյուղացիներն օրեր շարունակ կտրվում են արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից։ Այսուհետ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար բնակավայրը նման խնդրի առաջ չի կանգնի։
Ժամանակակից տեխնիկայի առկայությունը կնպաստի տեղացիների եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող ճյուղի՝ գյուղատնտեսության զարգացմանը: Եթե սահմանամերձ բնակավայրերում մենք նվազագույն պայմանները ապահովենք, ապա մեր բնակիչներն ավելի ամուր ու վստահ կապրեն սահմանամերձ գյուղերում: Գորիս համայնքը տեխնիկան ձեռք է բերել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ:
Խոշորացման համատեքստում կազմավորված համայնքների ներուժը մեծացնելու նպատակով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից՝ ի դեմս USAID-ի (ԱՄՆ-ՄԶԳ) «Աջակցություն տեղակական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից՝ ի դեմս Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ֆինանսավորվում է ներդրումային ծրագիրը: