Կայացել է «Ֆինթեք ֆորում Հայաստան 2022» (Fintech Forum Armenia 2022) միջոցառումը

Կայացել է «Ֆինթեք ֆորում Հայաստան 2022» (Fintech Forum Armenia 2022) միջոցառումը

Հոկտեմբերի 11-ին կայացել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության և Բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB) նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինթեք ֆորում Հայաստան 2022» (Fintech Forum Armenia 2022) միջոցառումը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB) տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը:

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ողջունել է ֆորումի մասնակիցներին.

«Մեծ Բրիտանիան աշխարհի խոշորագույն ֆինանսական ծառայություններ արտահանողն է և Եվրոպայի առաջատար ֆինթեք կենտրոնը։ ԱՄՆ 1 միլիարդ դոլարից ավելի արժեք ունեցող եվրոպական ֆինթեք ընկերությունների գրեթե կեսը ստեղծվել է Միացյալ Թագավորությունում: Անցյալ տարի Բրիտանիան ավելի շատ ներդրումներ է ներգրավել, քան Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան և Նիդերլանդները միասին վերցրած: Ուստի, հուսով եմ, որ Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող այս ֆորումը կներկայացնի Միացյալ Թագավորության նորարարական տեխնոլոգիաները, որոնք կաջակցեն Հայաստանում ֆինթեք ոլորտի աճին և ներքին ֆինանսական շուկայի հետագա զարգացմանը»,- ասել է Ջոն Գալագերը։

Միջոցառման կազմակերպիչներից Բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը ներկայացրել է ֆորումի նպատակը, որը պետական և մասնավոր կառույցների, ֆինանսական և ՏՏ կազմակերպությունների համար կառուցողական հարթակ դառնալն է՝ օժանդակելու Հայաստանին, բարելավելու ֆինթեք արդյունաբերության, կրիպտոյի և ֆինանսական ոլորտները:

Ֆորումի ընթացքում տեղական և միջազգային խոսնակների մասնակցությամբ կայացել են պանելային քննարկումներ «Բաց բանկային գործունեություն. դրա հնարավորություններն ու մարտահրավերները», «Ֆինթեք էկոհամակարգ», «Տվյալների որակական հատկանիշներ», «Նոր ներդրումային հնարավորություններ ֆինթեք ստարտափների համար» թեմաների շուրջ:

Աղբյուրը՝   b24.am