Դրական եզրակացություն՝ «Սևան» ազգային պարկի հարևանությամբ «Արտսոլար» արևային կայանի կառուցման համար

Դրական եզրակացություն՝ «Սևան» ազգային պարկի հարևանությամբ «Արտսոլար» արևային կայանի կառուցման համար

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում «Արտ Սոլար» ՍՊԸ-ի կողմից արևային ֆոտովոլտային էլետրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը

Արևային կայանի նախատեսվող հզորությունը 3.22 ՄՎտ է: Կայանը կզբաղեցնի 5.46 հեկտար տարածք: Նշենք, որ հայցվող տարածքը գտնվում է «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտուց 300 մետր հեռավորության վրա: Ըստ եզրակացության՝ գործունեության տարածքում բացակայում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների, բույսերի տեսակներ, տարածքում մակերևութային ջրերի հոսքեր չկան։

Կայանում կօգտագործվեն Longi Solar արտադրության 20.9% ՕԳԳ, 535 Վտ առավելագույն հզորությամբ միաբյուրեղ LR5-72HBD մոդելի ֆոտովոլտային մոդուլներ՝ ընդհանուր քանակը 7,488 հատ: Վտանգավոր թափոնների կառավարման մասին եզրակացության մեջ նշված է.

«Տարածքում վտանգավոր թափոնների ժամանակավոր պահման վայրում կհավաքվեն առաջացող թափոնները, որից հետո կտրամադրվեն լիցենզավորվող կազմակերպությանը, որը կիրականացնի արդի տեխնոլոգիանները թափոնները վերամշակելու կամ առնվազն նախատեսված պայմաններով պահելու համար։

Առաջացող թափոնները միանվագ չեն առաջանալու, այլ խոտանվելու են ժամանակի ընթացքում, ուստի դրանց պահեստավորումը լինելու է փոքր ծավալներով։ Խոտանվածները փոխարինվելու են նորերով և տեղափոխվելու են լիցենզավորված կազմակերպության տարածք»: Նշված չէ ո՛չ կազմակերպության անվանումը, ո՛չ նախատեսվող տարածքը:

Փորձաքննական պահանջներում, մասնավորապես, նշված է, որ շինարարական աշխատանքներից առաջ անհրաժեշտ է իրականացնել հնագիտական ուսումնասիրություն, սահմանազատել հուշարձանները և ապահովել դրանց անխաթարությունը, վերականգնել և կրկնակի օգտագործել վթարված մասերը, ֆոտոէլեմենտներ պարունակող պանելները չթաղել կամ չհավաքել աղբավայրերում բաց վիճակում, թափոնների կուտակումը կամ պահումը իրականացնել բնակելի տարածքներից դուրս, կայանի շահագործման ժամկետի սպառման դեպքում կապար, քրոմ, կադմիում, սիլիցիում և այլ նյութերի պարունակող ֆոտովոլտային վահանակները ժամանակավորապես պահստավորել ձեռնարկողի՝ այդ նպատակով առանձնեցված պահեստում, շահագործման ժամկետի ավարտից հետո ժամկետանց կամ վնասված արևային ֆոտովոլտային մոդուլների, որպես վտանգավոր թափոնատեսակների տեղափոխումը, վերամշակումը, վնասազերծումն իրականացնել ձեռնարկող կամ կապալառու ընկերության միջոցներով՝ Շողակաթի համայնքապետարանի վերահսկողությամբ, շահագործումի ավարտից հետո կատարել հողի և լանդշաֆտի վերականգնողական միջոցառումներ։ 

Աղբյուրը՝   ecolur.org