ՕՊԵԿ-ը կրճատել է նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ կանխատեսումը

ՕՊԵԿ-ը կրճատել է նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ կանխատեսումը

ՕՊԵԿ-ը ապրիլից ի վեր չորրորդ անգամ նվազեցրել է 2022 թվականի համար նավթի համաշխարհային պահանջարկի աճի իր կանխատեսումը, ինչպես նաեւ նվազեցրել՝ հաջորդ տարվա ցուցանիշը՝ վկայակոչելով տնտեսության դանդաղումը, Չինաստանում COVID-19-ի տարածումը զսպելու միջոցառումների վերսկսումը եւ գնաճի բարձր մակարդակը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Նավթի պահանջարկը 2022 թվականին կաճի օրական 2,64 միլիոն բարելով կամ 2,7 տոկոսով՝ նախորդ կանխատեսումների համեմատ օրական 460 հազար բարելով քիչ, ասվում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ամսական հաշվետվության մեջ:

 «Համաշխարհային տնտեսությունը թեւակոխել է աճող անորոշության եւ մարտահրավերների շրջան՝ շարունակվող բարձր գնաճի, կենտրոնական բանկերի կողմից դրամային քաղաքականության խստացման, շատ տարածաշրջաններում սուվերեն պարտքի բարձր մակարդակի եւ մատակարարման շարունակական ճնշումների ֆոնին», - ասվում է ՕՊԵԿ-ի զեկույցում:

ՕՊԵԿ-ն ակնկալում է, որ հաջորդ տարի նավթի օրական պահանջարկը կաճի 2,34 միլիոն բարելով, ինչը 360 հազար բարելով ցածր է նախկին կանխատեսվածից:

ՕՊԵԿ+-ը այս տարվա զգալի հատվածում ավելացրել է նավթի արդյունահանումը: Նրա 2022 թվականի սեպտեմբերի որոշումը կոչ էր անում ավելացնել խմբի արդյունահանման թիրախը օրական 100 հազար բարելով, որից մոտ 64 հազարը՝ ՕՊԵԿ-ի անդամ 10 պետություններից:

Արդյունահանումը սեպտեմբերին աճել է օրական 146 հազար բարելով՝ հասնելով 29,77 միլիոնի՝ Սաուդյան Արաբիայի եւ Նիգերիայի գլխավորությամբ:

Աղբյուրը՝   news.am