Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին
Ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն եմ հայտնել մարզ այցելելու, մարզի խնդիրներով հետաքրքրվելու և հատկապես վերջին հրետակոծությունից տուժած տնտեսություններին ձեռք մեկնելու ու աջակցություն ցուցաբերելու համար։
Խոսեցինք այն կարճաժամկետ ծրագրերի մասին, որոնք կազմակերպության կողմից իրականացվել են մարզում, ապա՝ առավել ընդգրկուն խնդիրների մասին, որոնք կլինեն երկարաժամկետ։
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի մարզի խոցելի փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք ամենաշատն են տուժել հակամարտության հետևանքով: Այս աջակցությունն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների միասնական հիմնադրամի» աջակցությամբ:
Ծրագրի շրջանակներում մարզի 423 անապահով ընտանիքների տրամադրվել է 105 տոննա աշնանացան ցորենի սերմացու, որոնցից 305 ընտանիք արդեն ստացել է իր հասանելիքը՝ Ճամբարակ, Մարտունի և Վարդենիս համայնքներում, ինչը հնարավորինս կբարելավի այդ տնտեսությունների սոցիալական վիճակը։ Առաջիկա օրերի ընթացքում իր մասնաբաժինը կստանա ևս 118 ընտանիք։
Իրավիճակին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն էլ իր հերթին, տարբեր ոլորտային ծրագրերի սուբսիդավորմամբ, աջակցել և շարունակում է աջակցել շահառու տնտեսություններին։
Այնուհետև քննարկեցինք մարզի խոշոր և մանր ֆերմերային տնտեսությունների գործունեության, նրանց կարիքների, այդ հարցում անհրաժեշտ աջակցության, պարենային խնդիրների լուծման, մարզում ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերի ներդրման մասին, կարևորվեց մարզում ոռոգման անձրևացնող համակարգերի ներդրման, ջրամբարների կառուցման, համայնքների գյուղատնտեսական տեխնիկաների ապահովման, տրամադրվող խորհրդատվական ծառայությունների գործունեությանը վերաբերող հարցերը։
Գեղարքունիքի մարզպետարանը և մարզի համայնքներն ակտիվ համագործակցություն են ծավալում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ, և համոզված եմ, որ այդ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։