Գյուղատնտեսության մեջ սերմնաթարմացման խնդիր կա. սերմերի վիճակն անմխիթար է. «Փաստ»

Գյուղատնտեսության մեջ սերմնաթարմացման խնդիր կա. սերմերի վիճակն անմխիթար է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գյուղատնտեսության ոլորտը մշտապես «Փաստի» ուշադրության կենտրոնում է: Փորձագետների հետ պարբերական զրույցների ընթացքում փորձում ենք պարզել՝ փոփոխություններ եղե՞լ են ոլորտում, տրվե՞լ են ընթացիկ խնդիրների լուծումները և այլն:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում այս անգամ առաջին հերթին առանձնացնում է սերմերի խնդիրը, նշում է՝ այս պահին ունենք սերմերի, հատկապես դրանց որակի խնդիր: «Վերջերս չակերտավոր մի մասնագետ փորձում էր համոզել մեզ, որ Հայաստանն աշնանացանի առումով սերմնաբավ է: Իհարկե, դա այդպես չէ: Բացի դա, տգիտության աստիճանն այնքան է, որ այդ մարդիկ տեղյակ չեն, որ գյուղատնտեսության մեջ սերմնաթարմացման խնդիր կա, և անընդհատ սերմաթարմացում պետք է անենք: Պետք է պարբերաբար ներկրենք սուպեր էլիտա, էլիտա և այլ տեսակի սերմեր: Սերմերի վիճակն անմխիթար է:  

Նորություն չենք ասի, որ պարարտանյութերի գները շարունակում են թանկ մնալ, գյուղացին որևէ հույս չունի, թե գնանկում կլինի, էժան գնով կկարողանա պարարտանյութ կամ դիզելային վառելիք գնել: Ի դեպ, բարձրացել են նաև վարի գները, քանի որ դիզվառելիքի գները բարձրացան և չնվազեցին, ինչպես միշտ: Կարծում եմ՝ այս ամենի ֆոնին կունենանք ցանքատարածությունների անկում»:

-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Մեզ հետ զրույցներում փորձագետը պարբերաբար բարձրացրել է պարարտանյութերի որակի ու գնի, դիզվառելիքի թանկացման, սերմացուի որակի հարցերը: Հետաքրքրվում ենք՝ իսկ քննարկումներ կամ քննարկումներ անցկացնելու առաջարկներ եղե՞լ են համապատասխան գերատեսչությունների կողմից:

«Եթե նույնիսկ քննարկումներ եղել են, ապա մեզ այդ քննարկումներին չեն հրավիրել»,-նշում է մեր զրուցակիցը»:

Աղբյուրը՝   shabat.am