Կարեն Սարգսյանը Սոթք եւ Կութ բնակավայրերում դիտարկեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքները

Կարեն Սարգսյանը Սոթք եւ Կութ բնակավայրերում դիտարկեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքները
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցի Սոթք եւ Կութ բնակավայրեր՝ դիտարկելու այս տարվա սեպտեմբերի 13- 14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հրետակոծությունից վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված համապատասխան ֆինանսական միջոցներով։
Սոթքում ադրբեջանական հրետակոծությունից վնասված 86 բնակարանների սեփականատերերին բնակարանների վերականգնման նպատակով տրամադրվել է գույքագրմամբ նախատեսված գումարի չափի 50 տոկոսը։ Մնացած գումարը կտրամադրվի շինարարական աշխատանքների ընթացքում։ Այս պահին աշխատանքներ են ընթանում 27 բնակարաններում, մնացածների մասով աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում։
Բնակարանների վերականգնման, ինչպես նաեւ տեղահանված բնակչության վերադարձի խնդիրները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Շինարարության ընթացքում ի հայտ եկած ցանկացած խնդրի համար մենք կգտնենք համարժեք լուծում, որպեսզի մարդիկ օր ու ժամ առաջ անցնեն բնականոն կյանքի։
Կութում վերականգնման աշխատանքներ այժմ ընթանում են վնասված 5 բնակարաններում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ եւ ընթանում են առանց խոչընդոտների։ Նորոգվում են վնասված տանիքները, առաստաղները, պատերն ու պատշգամբները, տեղադրվում են նոր պատուհաններ։
Շրջեցի նորոգվող բնակարաններում, զրուցեցի բնակիչների հետ, լսեցի շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրների մասին, համայնքի եւ վարչական ղեկավարներին տվեցի համապատասխան ցուցումներ։
Բնակիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն և գոհունակություն հայտնեցին ՀՀ կառավարությանը եւ վստահեցրին, որ տրամադրված միջոցներով սեղմ ժամկետներում կհասցնեն վերականգնել իրենց բնակարանները։