«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարացվեց

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարացվեց

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկարացրել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը:

Ըստ այդմ, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը ժամանակավոր տիրապետման և օգտագործման է հանձնվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին մինչև 2039 թվականի մարտի 25-ը՝ նախկին 2036թ. հունվարի 1-ի փոխարեն: Շինարարական շրջանը երկարացվել է մինչև 2024թ. օգոստոսի 28-ը՝ սահմանված 2021թ. հունիսի 1-ի փոխարեն: Ընդերքօգտագործման պայմանագրում փոփոխությունն արվել է սույն թվականի սեպտեմբերի 19-ին:

Այսպիսով, «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջին հանքարդյունաբերական ընկերությունն է, որն օգտվեց ««Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին» ՀՀ օրենքից՝ երկարացնելով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետն առանց բնապահպանական նոր փորձաքննության: Հիշեցնենք, որ սույն օրենքով 55.1 հոդվածով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի՝ այդ թվում քաղաքացիական անհնազանդության հիմքով: Այն ունի 4 տարի հետադարձ ուժ և չի նախատեսում բնապահպանական նոր փորձաքննություն: Քաղաքացիական հասարակությունը բազմիցս դեմ է արտահայտվել այս օրենքի ընդունմանը՝ համարելով այն հետքայլ ժողովրդավարությունից:

Ամուլսարի ծրագիը դադարեցվել էր 2018թ., երբ տեղի բնակիչները և ակտիվիստները փակել էին ծրագրի ենթակառուցվածքներ տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել ծրագրի իրականացումը ռիսկերի պատճառով: Ամուլսարի պաշտպանները թողեցին իրենց պայքարը, երբ 2020թ. սկսվեց 44-օրյա պատերազմը: Նրանցից շատերը մեկնեցին ռազմաճակատ:

Աղբյուրը՝   ecolur.org