ԵՄ-ն դիտարկում է Ուկրաինային Starlink ինտերնետ տրամադրելու համար Իլոն Մասկին վճարելու հնարավորությունը

ԵՄ երկրները քննարկում են ֆինանսական աջակցության հնարավորությունը, որպեսզի Ուկրաինան պահպանի Starlink ինտերնետ-ծառայությունների հասանելիությունը, որոնք ներկայումս վճարում է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը Politico-ին տված հարցազրույցում բացահայտել է վաղ փուլում գտնվող ծրագրերը։
Առաջարկը հետեւել է Մասկի նախազգուշացումներին, որ իր հրթիռային SpaceX ընկերությունը չի կարող անվերջ շարունակել վճարել Starlink ինտերնետային ծառայություններից ուկրաինացիների օգտվելու համար: Ավելի ուշ նա հայտարարել է, որ կշարունակի ֆինանսավորել ծառայությունները:
Politico-ի հետ զրույցում Լանդսբերգիսը ենթադրել է, որ Ուկրաինայում ինտերնետ հասանելիությունը չպետք է մնա մեկ «գերհզոր» մարդու ձեռքում, որը կարող է «մի օր արթնանալ եւ ասել.
«Սա այլեւս այն չէ, ինչ ես ուզում եմ անել»: Իսկ հաջորդ օրը ուկրաինացիները կարող են առանց ինտերնետի մնալ»։
«Ես կարծում եմ, որ, հավանաբար, ավելի լավ է դա ունենալ որպես պայմանագրային համաձայնագիր, ասենք, երկրների կոալիցիայի միջեւ, որոնք կարող են պարոն Մասկից գնել ծառայությունը, Starlink ծառայությունը, եւ տրամադրել այն ուկրաինացիներին»,- ասել է նա:
Լանդսբերգիսի խոսքով՝ այս թեման քննարկվել է երկուշաբթի օրը ԵՄ 27 արտգործնախարարների հանդիպմանը։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը բարձրացրել է թեման, «եւ որոշ երկրներ նույնպես միացել են»,- ասել է նախարարը՝ չհստակեցնելով, թե որ երկրները։
Աղբյուրը՝ news.am