2023-ի համար Գյումրին նոր սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ «Գյումրի համայնքի կարիքների համար թվով 20 ավտոբուսների ձեռքբերում»

2023-ի համար  Գյումրին նոր սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ «Գյումրի համայնքի կարիքների համար թվով 20 ավտոբուսների ձեռքբերում»

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի հետ այցելել է «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ։ Տնօրենի ուղեկցությամբ մարզպետը շրջել ու ծանոթացել է «Գյումրի ավտոբուս» ընկերության գործունեությանը։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։   

2021 թվականի «Միկրոավտոբուսների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 882 մլն 200 հազար դրամ է, գումարի 50 տոկոսը կառավարությունն է տրամադրել, մյուս կեսը՝ համայնքը։

«Սուբվենցիոն ծրագիրը, որը վերաբերում է թվով 63 միկրոավտոբուսներին, չարչրկված էր, շուրջ մեկ տարի այս ծրագրի մասին խոսվում էր, սակայն միկրոավտոբուսները չէին գործարկվում, մեր քաղաքացիները չէին տեսնում աշխատանքը և դժգոհությունները խիստ օբյեկտիվ էին։ Արդեն մի քանի շաբաթ է՝ ցանցն ամբողջապես գործարկվում է։ Այցի նպատակն է վերահսկել այն ծրագիրը, որը կառավարությունը սուբվենցիոն միջոցներով իրականացրել է, հասկանալ, թե որտեղ կան խնդիրներ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ դժգոհություններ։ Մեզ հասնում են դժգոհություններ, որ ոչ բոլոր թաղամասեր են հասնում միկրոավտոբուսները, աշխատանքային գործընթացների հետ կապված։ Հիմա մենք արձանագրեցինք խնդիրները, որոնք կան և ես լիահույս եմ, որ պատասխանատուները հետամուտ կլինեն հարցերի լուծմանը»։

Մարզպետին է զեկուցվել, որ նոր միկրոավտոբուսներով սպասարկվում է 5 երթուղի՝ թիվ 2/20, 3/26, 5/25, 6/24, 7/12։ Օրական երթուղի դուրս է գալիս 58 մեքենա, աշխատում են առավոտյան 7․30-ից մինչև 21․30։ Ձեռք են բերվել և տեղադրվել են տեսահսկման և մետաղադրամ ընդունող սարքերը։ Մարզպետը կարևորել է երթուղիները սպասարկող վարորդների մասնագիտական պատասխանատվությունը, կարգապահությունը, բժշկական զննություն անցնելը։

2023-ին Գյումրին նոր սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ «Գյումրի համայնքի կարիքների համար թվով 20 ավտոբուսների ձեռքբերում», ծրագրի նախնական արժեքը 670 մլն դրամ է, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է։
«Պետք է հասկանանք, որ ավտոբուսների ձեռքբերումն ինքնանպատակ պետք է չլինի։ Կարևոր է մեքենաների մատչելիությունը։ Եկեք արձանագրենք, որ միկրոավտոբուսները մատչելի չեն և գնման գործընթացում մենք պետք է հաշվի առնենք նաև այն մարդկանց կարիքները, որոնք հենաշարժական խնդիրներ ունեն։ Եվ նաև ընդարձակ պայմանները, որովհետև միկրոավտոբուսները մեկ մուտք ունեն և հենց դրա համար էլ միկրոավտոբուս է կոչվում, որպեսզի ավելի բարեկեցիկ պայմաններ լինեն, ինչ ամբողջ աշխարհում կա»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Նազելի Բաղդասարյանն ու վստահեցրել, որ ամեն ինչ արվելու է երթուղիների նկատմամբ պատշաճ վերահսկողության և քաղաքացիների սպասարկման որակի ապահովման համար։