Ստեփանավանում հատիկընդեղենի արտադրության, հավաքման և փաթեթավորման նոր կենտրոն է բացվել

Ստեփանավանում հատիկընդեղենի արտադրության, հավաքման և փաթեթավորման նոր կենտրոն է բացվել
Այսօր Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և գործընկերները պաշտոնապես բացել են «Լոռվա հատիկ» հատիկընդեղենի արտադրության, հավաքման և փաթեթավորման նոր կենտրոնը: Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ավստրիական զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, ովքեր ողջունել են միջոցառման մասնակիցներին՝ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, հատիկընդեղենի արժեշղթայի շահառուներին, ֆերմերներին՝ ներկայացնելով նաև նախաձեռնության կյանքի կոչման նպատակը և ակնկալվող արդյունքը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ներկաներին ողջունել է Գոռ Ասրյանը: Նա կարևորել է գյուղատնտեսության զարգացման առումով նման նախաձեռնություն իրագործելու ջանքերը և նշել, որ գյուղատնտեսությունը Լոռու մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից է, և մարզպետարանը պատրաստ է ամեն կերպ սատարելու նման ծրագրերի իրագործմանը:
«Լոռվա հատիկ» կենտրոնը ստեղծվել է առաջադեմ տեխնոլոգիաներ և գիտելիքներ տարածաշրջան բերելու և տեղացի ֆերմերներին աջակցելու նպատակով: Բացի այդ, այն կմիավորի ծրագրի շահառուներին և լոբազգիներ ու հացահատիկային մշակաբույսեր մշակող այլ տարածաշրջանային ֆերմերներին:  Ընկերությունը ապահովված է հողի մշակության համար անհրաժեշտ տեխնիկայով, գյուղգործիքներով, տեսակավորման, զտման և մանրածախ փաթեթավորման սարքավորումներով։  2022 թվականին «Լոռվա հատիկի» և համագործակցող ֆերմերների կողմից մշակվող հողատարածքը մոտ 25 հա է եղել, և այն նախատեսվում է տարեցտարի ավելացնել։
Ներկաները շրջայց են իրականացրել «Լոռվա հատիկ» հատիկընդեղենի արտադրության, հավաքման և փաթեթավորման կենտրոնում, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին, ապա այցելել ծրագրի շահառուներ հանդիսացող Վանաձորում գործող «Apricot» բուսական թեյերի և հուշանվերների արտադրություն և Գուգարքում՝ «Nectaro» - բուսական թեյերի արտադրություն: