Հայաստանն ու Կատարը կհամագործակցեն զբոսաշրջության ոլորտում

Հայաստանն ու Կատարը կհամագործակցեն զբոսաշրջության ոլորտում

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև զբոսաշրջության և գործարար միջոցառումների բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականի հունիսի 13-ին Դոհայում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև զբոսաշրջության և գործարար միջոցառումների բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Հուշագրի հաստատումը պայմանավորված է Կատարի Պետության հետ երկկողմ իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու անհրաժեշտությամբ՝ ուղղված զբոսաշրջության և գործարար միջոցառումների բնագավառներում փոխշահավետ համագործակցության ստեղծմանն ու կանոնակարգմանը։

Հուշագիրը կխթանի զբոսաշրջային կազմակերպությունների միջև համագործակցության զարգացումը՝ նպաստելով երկու պետությունների քաղաքացիների ճամփորդության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ու երկրի հասանելիության բարձրացմանը, ինչպես նաև երկու պետությունների միջև ուղևորահոսքերի ավելացմանը և գործարար կապերի հաստատմանը։

Հուշագիրը կնպաստի նաև երկու պետությունների միջև զբոսաշրջության ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, երկու պետություններում կազմակերպվող զբոսաշրջային և գործարար միջոցառումներին երկկողմ մասնակցության ապահովմանն ու ճանաչողական այցերի կազմակերպմանը։

Հուշագիրը կկանոնակարգի երկու երկրների գործարար բնույթի միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև՝ միջազգային ասպարեզում երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ հանդիպումների, համաժողովների միջոցով:

Աղբյուրը՝    news.am