Մի շարք ոլորտների միջանկյալ սպառման ապրանքների ներմուծումը կազատվի սահմանին ԱԱՀ վճարելուց

Մի շարք ոլորտների միջանկյալ սպառման ապրանքների ներմուծումը կազատվի սահմանին ԱԱՀ վճարելուց

Հայաստանի կառավարությունը մտադիր է փուլային ճանապարհով հրաժարվել սահմանին ավելացված արժեքի հարկ գանձելուց, իսկ մինչ այդ գործադիրը հավանություն տվեց որոշման նախագծի, որով ընդլայնեց միջանկյալ սպառման այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը սահմանին ազատվում է ավելացված արժեքի հարկ վճարելուց:

Կառավարությունը «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տվեց կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում:

Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ Հայաստանի սահմանը հատելիս ապրանքների մի մասը միանգամից սահմանի վրա հարկվում է ավելացված արժեքի հարկով, կան ապրանքների տեսակներ, որոնք չեն հարկվում:
«Դա վերաբերվում է միջանկյալ սպառման ապրանքների մի մասին: Հիմա նախագծով լրացնում ենք այդ ապրանքների ցանկը, ավելացնում ենք մի քանի կատեգորիաներ, դրանք գյուղատնտեսության մեջ են, տեքստիլ արդյունաբերության, քիմիական, մետալուրգիական և այլն»,-ասաց Քերոբյանը:

Նա նշեց, որ ցանկանում են թեթևացնել այն ընկերությունների բեռը, որոնք  խնդիրներ և բարդություններ ունեն այդ ապրանքները ներմուծելիս սահմանին լրացուցիչ ֆինանսական ծախսերի առնչությամբ: «Այսինքն՝ մշակող արդյունաբերության ընկերություններին թույլ ենք տալիս, որ սահմանին չվճարեն ավելացված արժեքի հարկը՝ նշված ապրանքատեսակների համար, այլ ընթացքում, երբ այդ ապրանքները կվաճառեն, կգոյանա ԱԱՀ, իրենք արդեն ընդհանուր ռեժիմով կվճարեն»,-ընդգծեց նախարարը:

Նախարարի խոսքով՝ նախագծի շրջանակում դիտարկվող ապրանքային խմբերից 2021 թվականին ներմուծվել է ընդամենը 11 մլն դոլարի չափ ապրանք: Սակայն, ըստ Քերոբյանի, շատ ընկերություններ խուսափում են ներմուծել հումքը, որովհետև ԱԱՀ-ի առկայությունն իրենց աշխատանքը դարձնում է ոչ մրցունակ: Նախարարը նաև բերեց Մարալիկի մանվածքաթելային ֆաբրիկայի օրինակը. այդ ընկերությունը, Ուզբեկստանից բամբակ ներմուծելիս, սահմանին վճարում է ԱԱՀ, իսկ ընկերությունները, որոնք հենց թելն են ներմուծում, չեն վճարում, արդյունքում իրենք ոչ մրցակցային դաշտում են հայտնվում: «Մենք, իհարկե, թելի վրա ավելացված արժեքի հարկը չենք ավելացնում, բայց բամբակի վրայից հանում ենք, որ այդ ընկերությունները կարողանան հավասարեցնել իրենց դիրքերը մյուս ներմուծողների հետ»,-նշեց Քերոբյանը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ շատ երկար ժամանակ ՀՀ-ում քննարկվում է սահմանին ավելացված արժեքի հարկ գանձելու նպատակահարմարությունը: «Եվ մենք, կարծես թե, կողմնորոշվել ենք, որ փուլային ճանապարհով պետք է գնանք դրանից հրաժարվելու եղանակով»,-նշեց Փաշինյանը:

Նա պարզաբանեց՝ նախագծով ոչ թե ազատում են այդ հարկից, այլ խոսում են սահմանին հարկումից ազատելու վերաբերյալ, վաճառքի կամ հետագա փուլերում ավելացված արժեքի հարկ գոյանալու է: Այպիսով՝ կառավարության քաղաքական մոտեցումն է զգույշ, առանց շատ կտրուկ քայլերի փորձել գնալ այդ ճանապարհով՝ հաշվարկելով ռիսկերը:

Քերոբյանն էլ հավելեց, որ նախագիծը իրականում արդյունաբերությանը օժանդակելու քաղաքականության բաղադրիչ մաս է: Վերջին մի քանի ամիսներին մշակող արդյունաբերության աճը կազմում է մոտ 35 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ:

Աղբյուրը՝   armenpress.am