BMW-ն 1,7 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում էլեկտրամեքենաների արտադրության մեջ

BMW-ն 1,7 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում էլեկտրամեքենաների արտադրության մեջ

Գերմանական BMW կոնցեռնը հայտարարել է, որ մտադիր է 1,7 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում էլեկտրամեքենաների արտադրության մեջ։ Ընկերությունը նախատեսում է ներդնել 1 մլրդ դոլար Սպարտանբերգի գործարանում, ինչպես նաեւ 700 մլն դոլար Վուդրաֆում, կուտակիչների պատրաստման ձեռնարկությունում։ Երկու արտադրությունները կգտնվեն Հարավային Կարոլինա նահանգում։

Սա ամենամեծ ներդրումն է, որը կկատարի կոնցեռնը, ասել է BMW-ի ներկայացուցիչ Օլիվեր Զիպսեն։ Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերի խոսքով՝ ընկերության կապիտալ ներդրումներն ամենամեծն են նահանգի պատմության մեջ։

BMW-ում նաեւ նշել են, որ էներգիայի վերականգնվող աղբյուրների Envision Automotive Energy Supply Corporation չինական խումբը Հարավային Կարոլինայում կկառուցի մարտկոցների արտադրության գործարան՝ կոնցեռնին մատակարարելու համար։

Մինչեւ 2030թ. ընկերությունը նախատեսում է ԱՄՆ-ում արտադրել BMW-ի վեց լրիվ էլեկտրական մոդելներ։ Կոնցեռնն առայժմ չի նշել ներքին այրման շարժիչով մեքենաների արտադրությունը դադարեցնելու ժամանակի մասին։

Ընկերությունում հայտարարել են, որ մարտկոցի նոր ձեւաչափը կբարձրացնի կուտակիչների էներգիայի խտությունն ավելի քան 20 տոկոսով, դա կապահովի լիցքավորման ավելի մեծ արագություն եւ մինչեւ 30 տոկոս պաշարի ավելացում։

Աղբյուրը՝   news.am