Ռուսաստանցիները բախվել են Թուրքիայում բանկային քարտեր բացելու խնդրին

Ռուսաստանցիները բախվել են Թուրքիայում բանկային քարտեր բացելու խնդրին

Ռուսաստանցիները բախվել են Թուրքիայում բանկային քարտերի բացման խնդրին։ Տեղի ֆինանսական կազմակերպությունների աշխատողները չեն հասցնում կատարել քարտերի թողարկման բոլոր պատվերները ՌԴ քաղաքացիների՝ զորահավաքից հետո սկսված զանգվածային ներհոսքի պատճառով, տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Տեղի բանկերը չեն կարողանում լուծել քարտեր ձեւակերպել ցանկացող ռուսաստանցիների հոսքի խնդիրը եւ պարզապես մերժելու փոխարեն ներկայացնում են լրացուցիչ պահանջներ հաշիվներ բացելու համար»,- ՌԲԿ-ին ասել են զրուցակիցները։

Ստամբուլում գտնվող ռուսաստանցիներից մեկը ստիպված է եղել մտնել թուրքական տարբեր խոշոր բանկերի 15 բաժանմունք եւ հազիվ է կարողացել քարտ բացել։ Որոշ ֆինանսական կազմակերպություններ պահանջել են միջնորդավճար վճարել, մյուսները՝ երկրում աշխատելու թույլտվություն։

«Մի բանկ խնդրեց 5 հազար դոլարի արգելափակիչ դեպոզիտ, մեկ ուրիշը՝ անվերադարձ միջնորդավճար (ոչ դեպոզիտ)՝ 2 հազար լիրայի (մոտ 107 դոլար) չափով »,- նշել է ռուսաստանցին։

Նոր քարտերի թողարկման ամենամեծ հերթեր գրանցվել են Denizbank-ում։ Այս ֆինանսական կազմակերպությունն առավել լոյալ է վերաբերվել ռուսաստանցիների նման դիմումներին։ Բայց այս բանկում քարտ կարելի է ձեռք բերել ամսական 10 հազար լիրայի դեպոզիտ ներդնելու դեպքում։ Թուրքիա եկած ոչ բոլոր ռուսաստանցիներն ունեն նման հնարավորություն, նշվել է հոդվածում։

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի պետական բանկերը դադարեցրել են համագործակցությունը «Միր» վճարային համակարգի հետ՝ խոշոր մասնավոր ֆինանսական կազմակերպություններից հետո։ Ընդհանուր առմամբ, երկրում արդեն հինգ ամենամեծ կապիտալացում ունեցող բանկերը չեն սպասարկում ռուսական քարտերը։ Դրանց թվում են՝ İş Bankası-ն, DenizBank-ը, Ziraat Bankasi-ն, VakifBank-ը եւ Halkbank-ը։

Աղբյուրը՝   news.am