Վտանգված բանկային գաղտնի՞ք, թե՞ առավել պաշտպանված համակարգ. Ի՞նչ սպասել նոր նախաձեռնությունից

Վտանգված բանկային գաղտնի՞ք, թե՞ առավել պաշտպանված համակարգ. Ի՞նչ սպասել  նոր նախաձեռնությունից

 

Բանկային բոլոր հաշիվները՝ աշխատավարձի, թոշակ ստանալուխնայողությունների,  շուտով կկենտրոնացվեն մեկ միասնական ռեեստրում: Գաղափարը Կենտրոնական բանկինն է:

«Այն բոլոր նախաձեռնությունների մասով, որոնք շատ թե քիչ, կապված են բանկային գաղտնիքի հետ, պետք է շատ զգույշ լինել»,-մեզ հետ հարցազրույցում զգուշացնում է տնտեսագետ, ՌԴ  Ասիական-խաղաղօվկիանոսյան բանկի տնօրենների խորհրդի անդամ Աշոտ Օսիպյանը: 

 - Ըստ ԿԲ-ի փոխնախագահ Ներսես Երիցյանի՝ նախագծի նպատակը փողերի լվացման դեմ պայքարից մինչև հակակոռուպցիոն ծրագրերին աջակցելն է: Նրա խոսքով՝ կասկածելի դեպքերում իրավապահներին ինֆորմացիա կտրամադրվի քրեական գործի ու դատական հարցման պարագայում, բայց թե ում հաշվին ինչքա՞ն փող կա, ով որքա՞ն ծախսեց՝ շարունակելու է գաղտնի մնալ: Արդյո՞ք դա է իրական նպատակը, ու նախագիծը կարելի է հիմնավորված համարել, թե՞ այնուամենայնիվ, տեղին են նախաձեռնության ընդդիմախոսների «վախերը» քաղաքացիների «գրպանի պարունակության»  մասին տեղեկատվությունն ի լուր աշխարհի հասանելի դարձնելու կապակցությամբ՝  խախտելով բանկային գաղտնիքի հիմքերը:

-Փողերի լվացման, ապօրինի հարստացման և կոռուպցիայի դեմ պայքարն արդեն իսկ օրենսդրորեն ամրագրված է ԿԲ նպատակների և խնդիրների շրջանակում: Այդ ֆունկցիաներն իրականացնելու համար ԿԲ-ն այսօր էլ տիրապետում է անհրաժեշտ գործիքակազմին. բանկերից պարտադիր հարցումների պահանջ, հաշվետվությունների ստացում, ուսումնասիրությունների իրականացում և այլն: Ըստ այդմ, կարծում եմ՝ այս նախագծով ԿԲ-ին տրվում է լրացուցիչ գործառույթ՝  ոչ բարձր արդյունավետությամբ:

Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ այս նախաձեռնությունը կարող է բացասական սպասելիքներ ձևավորել բանկի հաճախորդների  շրջանում: Տեսեք,  վերջին մի քանի տարվա ընթացքում իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերել են բանկային գաղտնիքի թուլացմանը: Ստացվում է, մենք մի կողմից պայքարում ենք կանխիկ շրջանառության դեմ, հայտարարում, թե ամեն ինչ անելու ենք բնակչության բանկային խնայողություններն ավելացնելու ուղղությամբ, մյուս կողմից որոշումներ կայացնում, որոնք չեն նպաստում այդ ծրագրերի իրականացմանը: Այս տեսանկյունից պետք է շատ զգույշ լինել այն բոլոր նախաձեռնությունների մասով, որոնք, շատ թե քիչ, կապված են բանկային գաղտնիքի հետ, ինչի հանդեպ մեր բնակչությունը խիստ զգայուն է:

Ամեն դեպքում, մենք այսօր ի վիճակի չենք ճշգրիտ գնահատելու, թե նախագիծն ի՞նչ ազդակներ կհաղորդի բնակչությանը: Միաժամանակ, համոզված եմ, որ նախաձեռնության ներդրումը կբերի խնայողությունների կրճատման, բացասական սպասումներ կձևավորվեն բանկի հաճախորդի մոտ և չի նպաստի բանկային համակարգի զարգացմանը:

- Ստեղծվող կենտրոնական ռեեստրը հետագայում թույլ  կտա՞ զարգացնելու տարբեր նորարարական գաղափարներ՝ քաղաքացիների հաշիվների ավտոմատացման,  թվային արժեքի ներդրման և միջազգային փոխանցման նոր համակարգերի ներդրման համար:

 -Թվարկված գործընթացն այսօր էլ իրականացվում է առևտրային բանկերի կողմից, քանի որ դա օրվա հրամայական է:  ԿԲ-ն կարող է դրան միայն նպաստել՝ համապատասխան կարգավորումներ ներդնելով, բայց թե որքանո՞վ  և ո՞ր ուղղությամբ զարգացնել նորարարությունը, յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում՝ դրանով ձեռք բերելով նաև  մրցակցային առավելություններ:

 - Պրն. Օսիպյան, նախաձեռնության ընդդիմախոսները նշում են, որ ռեեստրի ներդրման արդյունքում բոլոր մասնավոր բանկերը կդառնան ԿԲ-ի մասնաճյուղեր, Դուք նման վտանգ տեսնու՞մ եք:

 -Եթե դա ասվում է տեղեկատվության տրամադրման, հասանելիության տեսանկյունից, ապա կարող եմ ասել, որ վախերն անտեղի են: Այսօր էլ ԿԲ-ն իրավասություն ունի ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը, և դա նորմալ պրակտիկա է ամբողջ աշխարհում:

 - Այդ դեպքում հաշիվների կենտրոնացումը մեկ վայրում արդյո՞ք ռիսկեր չի առաջացնում ֆինանսական և ՏՏ անվտանգության  տեսանկյունից:

 -Օրենքով սահմանված կարգով ԿԲ-ն պետք է ապահովի ինֆորմացիայի գաղտնիությունը: Այլ խնդիր է, որ վերջին շրջանում, ժամանակ առ ժամանակ նկատում ենք բանկային գաղտնիքի արտահոսքի էլեմենտներ տարբեր դատական գործերով, ինչին, բնականաբար, խիստ բացասական եմ վերաբերում: Պետք չէ մոռանալ, որ բանկային գաղտնիքի պահպանումը մեր բանկային համակարգի կարևոր ձեռքբերումներից է: Այն նպաստեց նաև բանկային համակարգի զարգացմանը, ինչի արդյունքում վերջին 25 տարիների ընթացքում ոլորտի ցուցանիշները բավականին դինամիկ աճ են գրանցել.  բանկային ավանդներն են աճել ՀՆԱ-ի նկատմամբ, վարկային պորտֆելն է մեծացել, համակարգը դարձել է տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Այդ համատեքստում օրենսդիր մարմիններին կոչ եմ անում բանկային համակարգի հետ կապված բոլոր օրենդրական, նախաձեռնություններին վերաբերել շատ զգույշ:

ՏՏ անվտանգության տեսակյունից դիտարկելով՝ չեմ կարծում, որ համակարգն այդ առումով ավելի խոցելի է դառնում: Խնդիրը, սակայն, նրանում է, որ ամեն դեպքում գործ ունենք կարևոր տեղեկատվության հետ, որը հասանելի է դառնում որոշակի շրջանակների համար և կլինեն մարդիկ, որոնց դա ցանկալի չի լինի,  ու ոչ այն պատճառով, որ նրանք  օրենքի հետ խնդիր ունեն, ապօրինի են հարստացել կամ  փող են լվանում, այլ զուտ այն պատճառով, որ չեն ցանկանա նման կարգի տեղեկատվությունը կիսվել երրորդ, չորրորդ անձանց հետ:

 - Որոշ մասնագետներ նշում են, որ նախաձեռնությունը, ընդհակառակը, կարող է «բարի» ծառայություն մատուցել մեր բանկային համակարգին՝ կձևավորի հստակ  renome.  այստեղ ամեն ինչ շիտակ է, թափանցիկ, քանի որ բոլոր հոսքերը դիտարկվում են «մանրադիտակի» տակ…

 -Ինչպես արդեն նշեցի, ԿԲ-ն այսօր էլ ունի անհրաժեշտ գործիքակազմը վկայակոչված նպատակների իրականացման համար: Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով  ԿԲ իրականացնում է առևտրային բանկերի հաճախորդների կանխիկ և անկանխիկ հոսքերի վերահսկողություն:

Այսինքն՝ 5մլն դրամ և ավելի կանխիկի մուտքագրման դեպքում պարտադիր կերպով հաշվետվություն է ներկայացվում ԿԲ, նույն բանն արվում է 20 մլն դրամ և  ավել անկանխիկ գործարքների պարագայում: Այդ գործիքակազմով մենք ապահովում ենք  փողերի լվացման դեմ պայքարի լավագույն փորձի ներդրում: Իսկ  այս պարագայում ռեեստրի վարումը մեծ դերակատարում չի ունենալու:

 - Պրն. Օսիպյան,  կարծիք է հնչում, որ ռեեստրի ներդրման արդյունքում վերջ կդրվի «պատահական մարդկանց», կամ, ասենք, «ամբողջ կյանքում պետական պաշտոնյա աշխատած անձանց մի օր մեծ բիզնեսի տիրանալու» ավանդույթին…

 -Փողերի լվացման դեմ պայքարի գործող կարգավորումների ներքո առևտրային բանկերը արդեն իսկ պարտավորված են ուշադիր լինել նման անձանց հանդեպ: Ձեր կողմից նշված անձանց  համարում են «քաղաքական նշանակալի անձինք» և այդ անձանց հաշիվները բանկերի համապատասխան ծառայությունների  խիստ հսկողության ներքո են: Դրանց վրա, ինչպես մասնագետներն են ասում՝ դրվում է  «կարմիր դրոշ»:

Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ռիսկը խիստ կարևոր է և կոչվում է compliance risk (համապատասխանության ռիսկ): Առևտրային բանկը յուրաքանչյուր գործարքի դեպքում պետք է հասկանա ոչ միայն դրա էությունը, հիմնավորվածությունը, այլև ստուգի իրավաչափությունը՝ տեղական և միջազգային կանոնների ներքո:  Հակառակ դեպքում՝ արտաքին, ՀՀ սահմաններից դուրս իրականացվող «կասկածելի» փոխանցումները կարող են մեծ ռիսկեր առաջացնել փոխանցում կատարող  առևտրային բանկի համար: Միջազգային կանոններով և ՀՀ օրենսդրության համապատասխան՝  «կասկածելի» գործարք կատարած  առևտրային Բանկը կարող է ընկնել պատժամիջոցների տակ, իր բոլոր հետևանքներով՝ առևտրային բանկի թղթակցային հաշիվների փակումից, ընդհուպ մինչև լիցենզիայից զրկում:

-Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: