Ցեմենտի դեֆիցիտը՝ խնդիր կառուցապատողների համար․ նոր փոփոխությամբ ներմուծումը դարձյալ թանկ է ստացվում

Ցեմենտի դեֆիցիտը՝ խնդիր կառուցապատողների համար․ նոր փոփոխությամբ ներմուծումը դարձյալ  թանկ է ստացվում
Մի քանի տարի առաջ, երբ հայկական շուկան ողողված էր իրանական էժան ցեմենտով, Կառավարությունը որոշեց աջակցել տեղական արտադրողներին ու ցեմենտի ներկրման տուրք սահմանել։ Այդ ժամանակ հստակ որոշվեց, որ ցեմենտի ներմուծման համար սահմանվում է 14 հազար դրամ, ցեմենտի հումքի` կլինկերի ներմուծման համար` 2000 դրամ պետական տուրք: Այս նույն որոշումը  օրերս կրկին փոփոխությունների ենթարկվեց․ այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից Հայաստան ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ տուրք (նախկին 14 հազարի փոխարեն):  Պատճառը ցեմենտի շուկայի դեֆիցիտն է, որը խնդիրներ է ստեղծել կառուցապատողների համար։ Նախագիծը հոկտեմբերի 5–ին խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց, հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանը։ Ըստ հեղինակների՝ նոր կարգավորումը թույլ կտա հավասարակշռության մտցնել  ցեմենտի շուկայում. գները կնվազեն, դեֆիցիտը կլրացվի Իրանից ներկրված ցեմենտով, նախատեսված շինարարական աշխատանքները, մասնավորապես՝ պետական կապիտալ ծրագրերը, ցեմենտի շուկայում առաջացած խնդրից չեն տուժի։ Հոկտեմբերի 10–ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:
Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանի խոսքով՝  ցեմենտի դեֆիցիտի հետ կապված խնդիրը պայմանավորված է նրանով, որ հայրենական ցեմենտ արտադրողները չեն կարողանում առկա պահանջարկը բավարարել՝ անհրաժեշտ քանակի թողունակությամբ:  2019 թվականին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ՝ սահմանվեել էր  այլ երկրներից ցեմենտի ներմուծման գծով լիցենզիայի տուրք:
Տուրքի նպատակը, ի սկզբանե, հայրենական արտադրանքին զարկ տալն էր, սակայն, արդյունքում հայրենական արտադրողները ոչ մրցակցային պայմաններում հայտնվեցին, և մտահոգված չէին իրենց արտադրանքի որակի բարձրացմամբ, ձևավորվեց մենաշնորհի։ Քանի որ պարզ էր, այլ երկրներից ներմուծումը թանկ է, սպառողը իր պահանջարկը, կամա թե ակամա, բավարարելու է հայրենական շուկայից:
«Մենք՝ որպես Կառուցապատողների հայկական ասոցիացիա, կանխատեսում էինք խնդիրը դեռևս 2019 թվականին, սակայն, գործընկերներն ականջալուր չեղան մեզ: Մոտ մեկուկես ամիս առաջ, բարձրաձայնեցինք անդամների բողոքների մասին՝ համապատասխան գրություն հասցեագրելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարին: Ներկայացրեցինք, որ կառուցապատողներն ունեն հայրենական ցեմենտի, մասնավորապես, «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ»–ի որակի և թողունակության հետ կապված խնդիրներ, ինչը, մեր գնահատմամբ, պայմանավորված է ստեղծված ոչ մրցակցային պայմաններով՝ վերը նշված ներմուծման գծով սահմանված տուրքի բարձր չափով։ Մենաշնորհը չարիք է տնտեսության համար և մենք կոչ արեցինք, որպեսզի ցեմենտի ներմուծման համար սահմանված 14 հազար դրամի տուրքը առհասարակ հանվի և հայկական արտադրողները շահագրգռված լինեն՝ մրցակցային պայմաններում հայտնվելով ապահովեն բարձր որակ և մրցունակ գներ։ Ճիշտ է, ԱԺ-ի ու Կառավարության գործընկերներն ականջալուր եղան մեր կողմից բարձրաձայնվող խնդրին և տուրքի չափը իջեցվեց, սահմանվեց 2,000 դրամ, սակայն, մեր գնահատմամբ, սա ևս խնդիրը ինստիտուցիոնալ առումով չի լուծում»,– մեզ հետ զրույցում ասում է Գուրգեն Գրիգորյանը։
Ըստ նրա՝ այդ խնդիրներից են ցեմենտը Իրանից Հայաստան տեղափոխող փոխադրող վարորդների պահանջած բարձր գինը՝ պայմանավորված սահմանային անվտանգությամբ, դիզվառելիքի բարձր գինը, այլ հանգամանքներ։
«Օրինակ՝ վարորդները, եթե նախկինում ապրանքը փոխադրելու համար պահանջում էին, պայմանական, 1500 ԱՄՆ դոլար կամ համարժեք դրամ, ապա ներկայումս պահանջում են կրկնակի՝ պատճառաբանելով, որ հայ–իրանական միջպետական ճանապարհն ունի անվտանգային խնդիրներ, անցնում են ադրբեջանական դիտակետերով։ Դիզվառելիքի գինն է թանկացել, այդ տրամաբանության  շրջանակում այդ ներմուծումը Երևան հասնելով, ըստ մասնագետների հաշվարկի, կազմելու է մեկ տոննայի համար 60–ից 62 հազար ՀՀ դրամ։ Իսկ հայկական արտադրության Արարատ ցեմենտի գինը 50 հազար դրամ է։ Ստացվում է՝ օրենքը փոխվեց, բայց էլի մրցակցություն  չկա, քանի որ ներմուծվող ցեմենտի ինքնարժեքը թանկ է լինելու, իսկ պետությունն այս մասով որոշակի արտոնություններ, խրախուսման մեթոդներ ներմուծումների համար, համենայնդեպս, այս պահին, չի սահմանում»,– շեշտում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը։ Ենթադրվում է, որ կառուցապատողները Իրանից ներմուծումների այլընտրանքը սկսելու են իրականացնել նաև վրացական շուկայից։
Ներկայումս սպառողները օրեր շարունակ հերթեր են կանգնում հայկական արտադրության ցեմենտը գնելու համար․ «Օրինակ, «Արարատ» ցեմենտը ստանալու համար մարդիկ հերթ են կանգնում, կա նաև քանակի սահմանափակում, որ չեն կարողանում գնել այնքան, ինչքան ցանկանում են։ Այսինքն՝ պահանջարկի հետևից արտադրությունը չի հասնում, օրինակ՝ արտադրվում է 5000 տոննա ցեմենտ, բայց պահանջարկը  8000 է։ Մենք նաև հայկական արտադրանքի որակի խնդիր ենք նկատել, բազմաթիվ են դեպքերը, երբ կառուցապատողը ստիպված է եղել քանդել բետոնացված հատվածը, որովհետև ճաքեր է առաջացել, պահանջվող մարկան ապահովված չէ»,– նկատում է Գուրգեն Գրիգորյանը։
Ըստ նրա՝ ցեմենտի պահանջարկը Հայաստանում մեծացել է, հայրենական արտադրողները չեն կարողանում ապահովել պահանջարկը, և որակի խնդիրը այդտեղից է գալիս։ Իրանական ցեմենտը, ըստ նրա, որակյալ է։ Իհարկե,  նոր փոփոխությունն ինչ–որ չափով կմեղմի ստեղծված վիճակը, կարծում է կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը․ «Ինչ–որ չափով կմեղմի, որովհետև ներմուծումներ կլինեն, բայց, միևնույն է, թանկ է լինելու ներմուծումը, իրական մրցակցություն չի լինելու: Անհրաժեշտ է պետական միջամտություն՝ հայրենական ցեմենտի որակի բարձրացման ուղղությամբ»։
Շինարարների միության նախագահ Գուրգեն Մինասյանն էլ նկատում է՝ աճող շինարարության ծավալների պայմաններում է, որ ցեմենտի արտադրության ծավալները չեն բավարարում պահանջարկին։
«Խնդրի վերաբերյալ՝ մեր գրավոր առաջարկությունը ներկայացրեցինք կառավարություն, ու մեզ անմիջապես արձագանքեցին։ Նվազեցնելով  մաքսային տուրքերը՝ նպատակահարմար դարձավ դրսից ներկրող ցեմենտը գնային տարբերակով մրցունակ դարձնել։ Այսինքն՝ հարցին լուծում տրվեց պահանջարկը բավարարելու և որակական չափանիշները ապահովելու տեսանկյունից»,– մեզ հետ զրույցում ասում է Մինասյանը։
Ըստ նրա՝ թե՛ վրացական, թե՛ իրանական ցեմենտները նույնպես որակյալ են և պահպանում են իրենց որակը։ Այս որոշումը մեր արտադրողների վրա կունենա նաև դրական ազդեցություն։
«Նրանք ավելի բարձր արտադրողականությամբ կաշխատեն ու կկատարեն գործարանների վերազինման աշխատանքներ, որպեսզի բարձրացնեն արտադրության ծավալները։ Ոլորտային շուկայում ավելի շատ կօգտագործվի մեր արտադրանքը»,– ընդգծում է նա, հավելելով՝  «մեր գործարաններից շատերը հին սարքավորումներով են աշխատում։ Պետք է վերազինեն ու ավելի արտադրողական սարքավորումներ տեղակայեն»։
Մինասյանը շեշտում է՝ շինարարությունը բավականին կշիռ ունի մեր տնտեսության ՀՆԱ–ում, իսկ ընդունված որոշումը խոչընդոտ չէ մեր ծավալների աճին, ընդհակառակը՝ կխթանի, որպեսզի արտադրական ծավալներն ավելանան։ Տնտեսության վրա այն նույնպես բավականին դրական արդյունք կունենա։