Չինաստանում կտրուկ եւ ոչ բնորոշ տնտեսական անկումը մինչեւ 2023թ. վերջ կարգելակի աճն Ասիայում. ԱՄՀ

Չինաստանում կտրուկ եւ ոչ բնորոշ տնտեսական անկումը մինչեւ 2023թ. վերջ կարգելակի աճն Ասիայում. ԱՄՀ

Չինաստանում «կտրուկ եւ ոչ բնորոշ» տնտեսական անկումը կարգելակի աճն Ասիայում մինչեւ հաջորդ տարվա վերջ՝ մթագնելով առանց այդ էլ մութ գլոբալ հեռանկարները, նախազգուշացրել է ԱՄՀ-ն։

Համաշխարհային տնտեսական հեռանկարներն այս տարի վատացել են, քանի որ երկրները բախվել են կյանքի ավելի բարձր արժեքի, ավելի կոշտ ֆինանսական պայմանների եւ անորոշության խորացման Ուկրաինայում պատերազմից հետո, տեղեկացրել է AFP-ը։

Ասիան մնացել է «համեմատաբար վառ միակ կետը» Երկիր մոլորակի մյուս հատվածների համեմատ, նշվել է ԱՄՀ-ի «Տարածաշրջանային տնտեսության հեռանկարներ» փաստաթղթում։ Բայց աճն այս տարածաշրջանում բախվում է խոչընդոտների չինական տնտեսության պատճառով, որը ծանրացել է «զրոյական» Covid-ի եւ անշարժ գույքի հատվածի ճգնաժամի պատճառով, ասել են ԱՄՀ-ում։

Մինչ այդ, այս ամսվա ընթացքում, ԱՄՀ-ն իջեցրել էր 3,2 տոկոսի աճի իր կանխատեսումը Չինաստանի համար 2022թ., ինչը ամենափոքր աճն է աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունում չորս տասնամյակների ընթացքում, չհաշված համավարակի առաջին տարին։

Նոր հաշվետվությունում Ասիայի աճի կանխատեսումն այս տարի իջեցվել է չորս կետով, ինչը 0,9 տոկոսային կետով ցածր է ապրիլի նախորդ կանխատեսումից։

ԱՄՀ-ն սպասում է 4,4 տոկոս աճ Չինաստանում, իսկ Ասիայում՝ 4,3 տոկոս աճ եկող տարի, ինչն ավելի հաճախ «շատ ավելի ցածր է» միջին ցուցանիշից՝ մոտ 5,5 տոկոս վերջին երկու տասնամյակում։

ԱՄՀ-ի գնահատականներով՝ Չինաստանում աճի «լայնածավալ» դանդաղումը «լուրջ հետեւանքներ կունենա Ասիայի մնացած մասի համար՝ առեւտրային եւ ֆինանսական կապերի միջոցով»։

Նշվել է, որ տարածաշրջանը կարող է բախվել նաեւ «մշտական» այլ խոչընդոտների (գլոբալ դրամավարկային քաղաքականության խստացում եւ պատերազմ Ուկրաինայում), ինչը հանգեցրել է հումքի գների կտրուկ աճի։

«Ասիայի տնտեսության ուժեղ վերականգնումն այս տարվա սկզբին կորցնում է ազդակը, քանի որ երկրորդ եռամսյակում այն ավելի թույլ էր, քան սպասվում էր»,- ասել է ԱՄՀ-ի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի դեպարտամենտի տնօրեն Քրիշնա Շրինիվասանը։

Նրա խոսքով՝ շատ երկրներ պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իջեցնեն կորպորատիվ պարտքը եւ մարդկային կապիտալի կորուստները։ Աճի անբավարարությունը «կարելի է բացատրել համավարակից հետո ներդրումների ավելի ցածր մակարդակով»։

Նա նախազգուշացրել է, որ աշխարհաքաղաքական լարվածությամբ եւ առեւտրային քաղաքականության անորոշությամբ պայմանավորված տնտեսական հատվածայնացումը «զգալի ռիսկ է տարածաշրջանի համար» եւ կարող է «անբարենպաստ մակրոտնտեսական հետեւանքներ ունենալ կարճաժամկետ հեռանկարում»։

Չինաստանը վերջին խոշոր տնտեսությունն է, որը հավատարիմ է զրոյական Covid-ի քաղաքականությանը, որը ներառում է անսպասելի արգելափակումներ, պարտադիր թեստավորում եւ երկարատեւ կարանտիններ, որպեսզի ճնշվի ցանկացած բռնկում։

Ճապոնական Nomura բանկի գնահատմամբ՝ մոտ 208 մլն մարդ երկրում վիրուսի պատճառով այս կամ այն սահմանափակման մեջ է գտնվում։

Աղբյուրը՝   news.am