Մինչեւ տարեվերջ սահմանամերձ Շուռնուխի բնակելի նոր թաղամասը պատրաստ կլինի

Մինչեւ տարեվերջ սահմանամերձ Շուռնուխի բնակելի նոր թաղամասը պատրաստ կլինի

Մոտ մեկ ամիս է, ինչ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում սկսվել են բնակելի տների շինարարությունը։ Հիշեցնեմ, 2020 թ. դեկտեմբերի վերջին եւ այս տարվա առաջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծի այդ հատվածում կատարված, այսպես կոչված սահմանորոշման արդյունքում` Շուռնուխի մի ամբողջ թաղամաս (Գորիս-Կապան մայրուղուց արեւելք)՝ 13 բնակելի շենքով եւ օժանդակ կառույցներով, տնամերձ հողամասերով անցան Ադրբեջանի հսկողության ներքո:

Արդյունքում,  13 ընտանիք հարկադրված էին  թողնել իրենց տներն ու տեղափոխվեցին գյուղի այն տարածքը, որը  համարվում է Հայաստանի տարածք։ Մեկ ընտանիք տեղափոխվեց Կապան, իսկ 12 ընտանիքներին տրվեցին ժամանակավոր կացարաններ։

Ըստ «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանի, կառուցվող նոր բնակելի թաղամասը կզբաղեցնի մոտ 2,5 հա տարածք։  «Կկառուցվի 13 անհատական բնակարան՝ երեք սենյականոց, նկուղով, պատշգամբներով. մեկ բնակարանը 170 քառ. մ օգտագործելի մակերեսով: Տներին կից կլինեն նաեւ օժանդակ կառույցներ՝ անասնագոմ, ամառային խոհանոց: Բնակարաններն ապահովված կլինեն կենցաղային լավ պայմաններով ու հնարավորություններով»,–ասում է Գրիգոր Ազիզյանը։

Նոր  թաղամասի շինարարությունը կիրականացնի «Անապատ-2» արտադրական կոոպերատիվը։ Հողային աշխատանքներն արդեն ավարտվելու մոտ են, գրեթե պատրաստ է վերին թաղամասի օղակաձեւ ճանապարհը: Արթուր Հայրապետյանը հավաստիացնում է, որ «Անապատ»–ը   ապահովված է համապատասխան տեխնիկայով, մասնագետներով եւ շինարարներով, եւ  մինչեւ 2021թ–ի վերջ տները պատրաստ կլինեն։ Բնակելի նոր թաղամասի կառուցման համար նախատեսված է 470 մլն դրամ։

Տնազուրկ դարձած գյուղացիների մի մասը, սակայն, կարծում է, որ նոր տները պիտի կառուցվեին գյուղի ներքեւի մասում։ Ըստ նրանց, այս տարածքը նպաստավոր չէ ո՛չ կլիմայական, ո՛չ անվտանգային տեսակետից: Ավելին՝  ժայռային է, բուսազուրկ է, ինչի հետեւանքով ապագա տնամերձերը չեն կարող արդյունավետ լինել:Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հակադարձում է այդ դիտարկումներին՝  նշելով, որ  տեղանքի ընտրությունը կատարվել է բնակիչների, մասնագետների հետ բազմակողմանի քննարկումների արդյունքում: Ինչ վերաբերում է տնամերձերին, ապա` մարզպետի հավաստմամբ, կհատակացվեն  առավել նպաստավոր հանդամասում:

Տները կորցրած շուռնուխցի ընտանիքներից մի քանիսը գտնում են, որ «էն գլխից պետք է ֆինանսկան փոխհատուցում ստանային ու գնեին տուն՝ որտեղ ուզեին»։ Կառավարության կարծիքով՝  այդպես  չէին կարող արդյունավետ օգտագործվել հատկացվող միջոցները, մանավանդ, որ նպատակը ոչ միայն նոր բնակելիների կառուցումն է, այլեւ գյուղի հետագա զարգացումը:

Ի դեպ,  ՀՀ էկոնոմիկայի նախարարության համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության 2-րդ ծրագրով Շուռնուխում ջրարբիացման համակարգ է կառուցվում՝ կենդանիներն խմելու ջրով ապահովելու համար։ Ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ, արժեքը 12 մլն դրամ է, եւ երկու ամսում այն արդեն պատրաստ կլինի։